Մոսկվայի Բասմանի դատարանը 2 ամսով կալանավորել է Վլադիմիր Մամիկոնյանին, որը տղամարդու ոգելից ըմպելիքին քնաբեր է խառնել եւ նրան կողոպտել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից:

«Դատարանը բավարարել է քննության միջնորդությունը եւ ՌԴ ՔՕ 162 հոդվածով («Կողոպուտ») մեղադրվող Մամիկոնյանի նկատմամբ մինչեւ սեպտեմբերի 12-ը որպես խափանման միջոց ընտրել կալանքը»,- ասել են դատարանից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 21-ամյա եկվորը ոստիկանությանը հայտնել է, որ անհայտ անձը իր հեռախոսը եւ ոսկե շղթան գողացել է, երբ ինքն անգիտակից վիճակում է եղել: Ոստիկանությունը պարզել է, որ չարագործը տուժածին է մոտեցել Պոկրովկայի վրա գտնվող բարի մոտ եւ առաջարկել է միասին խմել: Երիտասարդը համաձայնվել է, որից հետո ալկոհոլ գործածելիս նա գիտակցությունը կորցրել է: Տուժածին շտապօգնության բրիգադը հոսպիտալացրել է: Ըստ տեղեկանքի՝ նրա օրգանիզմում հայտնաբերվել են անհայտ հոգեմետ դեղամիջոցներ: Կասկածյալին ձերբակալել են քրեական հետախուզության աշխատակիցները: Նա նախկինում բազմիցս դատապարտված 54-ամյա Մամիկոնյանն է: Ոստիկանությունը նրա մոտից առգրավել է  դիմումատուի փողը եւ ոսկե շղթան, ինչպես նաեւ հոգեմետ բժշկական դեղամիջոց:

Անցյալ տարի Մոսկվայում նման սխեմայով գործել էր սերիական թունավորողը՝ ծագումով Կաբարդինո Բալկարիայից Մուրատ Սաբանովը: Նա մարդկանց հյուրասիրում էր քնաբերով գազավորված ըմպելիք, իսկ երբ զոհերը քնում էին, նրանց կողոպտում էր: Հիմա նա կալանավորված է, հաստատվել է, որ նրա գործողություններից 31 տուժած կա: