Նուբար Աֆեյանի Moderna բիոտեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերը հուլիսի 14-ին բորսային սակարկությունները փակելուց հետո 20 տոկոսով թանկացել են: Այսպիսի աճ են առաջացրել COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների մասին լուրերը, որը մշակում է ընկերությունը, փոխանցում է ՌԲԿ-ն:
Պատվաստանյութն ուժեղ իմունային պատասխան է առաջացրել 18-ից մինչեւ 55 տարեկան բոլոր 45 կամավորների մոտ: Նրանք արտադրել են ավելի շատ չեզոքացնող հակամարմիններ, քան նկատվել էր COVID-19-ից ապաքինված պացիենտների մեծամասնության մոտ: Այս մասին հայտնել է Market Watch-ը՝ մեջբերում կատարելով Նոր Անգլիայի Բժշկական ամսագրից:
Կամավորներին բաժանել են 15 մարդուց կազմված 3 խմբի: Յուրաքանչյուր խումբը ստացել է 2 ներարկում 28 օր ընդմիջումով, բայց տարբեր դեղաչափերով՝ 25, 100 կամ 250 մկգ: Հաղորդվում է, որ պատվաստանյութին ռեակցիա է առաջացել միայն երկրորդ ներարկումից հետո այն մարդկանց մոտ, որոնք ամենամեծ դեղաչափն են ստացել:
Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ պատվաստանյութն անվտանգ է: Կամավորներից ոչ մեկի մոտ չի դիտվել ծանր կողմնակի էֆեկտ: Ճիշտ է, կեսից ավելին հայտնել է թեթեւ կամ չափավոր ռեակցիաների մասին, ինչպիսին են՝ հոգնածությունը, գլխացավը, դողը, մկանային ցավերը կամ ներարկման տեղում ցավը:
«Այստեղ ոչինչ չկա, որ կխանգարի հետազոտությունների երկրորդ եւ երրորդ փուլերին անցնելուն,- ասել է Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնի պատվաստանյութերի հարցերով փորձագետ Ուիլյամ Շաֆները: - Աննշան հոգնածությունը, գլխացավը, մկաններում եւ ներարկման տեղում ցավը փոքր գին է COVID-19-ից պաշտպանվելու համար»:
Սպասվում է, որ հետազոտությունների նոր փուլը կսկսվի հուլիսի 27-ին: Դեղամիջոցը կփորձարկվի ԱՄՆ տարբեր շրջաններում 30 հազար մարդկանց վրա, մասնավորապես այն շրջաններում, որտեղ հիվանդացածների մեծ աճ է դիտվում: Եթե փորձարկումները հաջող անցնեն, ապա պատվաստանյութը հնարավոր կլինի օգտագործել արդեն այս տարեվերջին, հայտնում է The Wall Street-ը:
Հիմա Moderna ընկերության պատվաստանյութը դիրքավորվում է որպես ոչ այնքան զանգվածային եւ բավականին թանկարժեք արտադրանք՝ գրեթե եռակի թանկ, քան մրցակիցներինն է: Ընկերությունը կոնկրետ ծավալների մասին չի հայտնել, բայց արդեն ընդունել է, որ հնարավորությունների հարցում սահմանափակված է:
«Կարելի է ենթադրել, որ դրա առաջին պատվիրատուները կլինեն ԱՄՆ պետական կառույցները, որոնք կապված են ուժային գերատեսչությունների կամ պետանվտանգության հետ: Շահույթի առումով ընկերությունը, հավանաբար, կվաստակի շուրջ 1-2 մլրդ դոլար: Սա 10 անգամ ավելի է իր ներկայիս շրջանառությունից»,- Moderna-ի հնարավոր եկամուտներն է գնահատել «Ֆրիդոմ Ֆինանսի» վերլուծաբան Վալերի Եմելյանովը:
Moderna-ի բաժնետոմսերը աճի խթան են դարձել ԱՄՆ ողջ շուկայի համար: Հուլիսի 15-ի նախնական ցուցիչներում ԱՄՆ-ի ինդեքսների ֆյուչերսներն աճում են միջինը 1,5%-ով:
«Շուկաները վաղուց էին սպասում դեղագործների դրական լուրերին, ուստի այժմ նրանք մի քանի օր կաճեն այն լուրերից, որ COVID-19-ի դեմ ամերիկյան պատվաստանյութը առաջացրել է իմունային արձագանք»,- ասում է AMarket վերլուծական դեպարտամենտի ղեկավար Արտեմ Դեեւը:
Moderna-ի արժեթղթերը տարվա սկզբից աճել են գրեթե 300%-ով: Վալերի Եմելյանովը կարծում է, որ բարձր ակնկալիքներն արդեն ներառված են բաժնետոմսերի գնի մեջ: Հետեւաբար, գալիք ամիսների հորիզոնում բաժնետոմսը կարող է մեծ տատանումներ ցուցաբերել:
Արտեմ Դեեւը նաեւ նախազգուշացնում է, որ չնայած բոլոր դրական միտումներին, Moderna-ի բաժնետոմսերի անկման վտանգ կա: «Արժե հասկանալ, որ հետազոտությունները շարունակվում են, եւ ցանկացած բացասական երեւույթ (օրինակ, կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են հայտնաբերվել ավելի ուշ) անմիջապես կիջեցնի բաժնետոմսերի գինը»,- ասել է նա: «Բուռն աճի փուլից հետո, Moderna-ի բաժնետոմսերը մինչեւ շաբաթվա վերջը կարող են ոչ մեծ տեխնիկական հետընթաց ցուցաբերել»:
Ներկա դրությամբ Moderna-ն դեռ չի ավարտել պատվաստանյութի նկատմամբ օրգանիզմի արձագանքիի տեւողության գնահատումը: Բացի այդ, դեռ պարզ չէ, թե ինչպես կարձագանի դրան ավելի ավագ սերունդը՝ 56-70 տարեկանները: «Երբ ընկերությունը հրապարակի այդ արդյունքները, ներդրողները կունենան ավելի հստակ պատկերացում այն մասին, թե արդյոք պատրաստ է բնակչությունն ընդունել այն»,- գրում է Seeking Alpha-ն:
Այնուամենայնիվ, եթե ԱՄՆ իշխանությունները հավանություն տան դեղամիջոցի վաճառքին, բաժնետոմսերը կվերականգնեն հերթական պատմական առավելագույնը, եզրափակել է Դեեւը:
Moderna-ն աշխարհում առաջինն է ցույց տվել COVID-19-ի դեմ պատվաստումների համոզիչ արդյունքներ: Հավանական է, որ նրան սպասում է բազմամիլիոնանոց շահույթ եւ բաժնետոմսերի արժեքի ընթացիկ աճ, կարծում է Klopenko Group-ի եւ ITLEADERS վենչուրային ակումբի գործադիր տնօրեն Դմիտրի Իվանովը:





























