ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակն` ուղղված կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի նախապես տարածած նամակի:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am_ին հայտնում են, որ դեսպան Նազարյանի նամակում նշվում է, որ անբարո են կեղծիքներ տարածելու եւ երեխայի կյանքը որպես քարոզչության գործիք օգտագործելու  նպատակով Ադրբեջանի փորձերը: Նման փորձերի փոխարեն  Ադրբեջանը պետք է հրաժարվի շփման գծում սադրանքների իր արկածախնդիր պրակտիկայից, որը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը:

Այդ գործողությունները կոպտորեն խախտում են 1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնությունը: Նշվում է, որ Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը` շփման գծից դիպուկահարներին հանելու մասին: