Անցած գիշեր Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդի մոտ 120 կրակոցներով ընդմիջել է հանդարտությունը, հիմնականում կիրառելով հրաձգային զենքեր, նաեւ մեծ տրամաչափի, այսօր առավոտյան տեղեկացրել է  Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը, նաեւ հավելել, որ չեն կիրառվել  հրետանային եւ այլ ավելի մեծ տրամաչափի միջոցներ: Վիրավորների վիճակը չի փոխվել. մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կայունություն կա:

Բելառուսում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ  Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ռազմական գործողություններ սանձազերծեց: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին:  «Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին», ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանի նախագահը Դաշնության Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝  մտքերի փոխանակումից հետո, խիստ մտահոգություն է արտահայտվել շարունակվող լարվածության կապակցությամբ, շեշտվել է հրադադարի ռեժիմի ապահովման անհրաժեշտության, նաեւ միջնորդության քայլերի պատրաստակամությունը:

Մենք թուրքից չենք վախենում, մեր զինվորների թիկունքին ամուր կանգնած ենք, այստեղից էլ ոչ մի չենք գնալու, այսօր օրերին ամենակրկնվող արտահայտություններն են, որ Տավուշի տարբեր բնակավայրերի բնակիչները փոխանցում են մարզ այցելած լրագրողներին։

Մեր այս մոտեցումը շատ խորը արմատներ ունի, մեկնաբանելով համերկրացիների խոսքերը, ասել է Մովսես գյուղի քահանա Տեր Աբել Քարտաշյանը․ միշտ էլ մեր կերպարի մեջ եղել է մի ձեռքով բահը, մյուս ձեռքով զենքը: Այս հողը ինչ-որ վերացական կատեգորիա չի մեզ համար, սա մեր իրական  հայրենիքն է, հայերիս հոգեբանության մեջ շատ խորը արմատացած է հողագործի պահվածքը, ասել է հոգեւորականը:

Լոնդոնում երիտասարդ դաշնակցականները բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի: Նրանք վանկարկել են  «Հայաստան» եւ «Արցախ», ի պատասխան դիմացի մայթին աղմկող ադրբեջանցիների, որոնց ձեռքին կային Ադրբեջանի դրոշներ եւ այս օրերին ոչնչացված  ադրբեջանզի զինծառայողների լուսանկարներ: Ադրբեջանցիներից մեկը փորձել է խլել հայ ցուցարարի ձեռքի դրոշը, սկսվել է քաշքշուկ եւ ոստիկաններին հաջողվել է փրկել ադրբեջանցուն։

Այնուհետեւ ադրբեջանցիները փորձել են գրոհել Հայաստանի դեսպանատունը, ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկել եւ ադրբեջանցիներին դիմակայել են տեղացի հայերը։ Դրությունը սրվել է այն բանից հետո, երբ Բաքուն փորձել է Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում քննարկում կազմակերպել՝ իբր Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի մասին, այնինչ առաջարկն ընդամենը 4 հոգի է ստորագրել՝ մոտ 150-ից եւ ձախողվել է։ Ի վերջո  ոստիկանների թիվն ավելացել է եւ նրանք կարողացել են սանձել ադրբեջանցի ամբոխին։

Օվկիանոսի մյուս ափից հայրենակիցներին զորակցություն է հայտնել Ամերիկայի ամենահայտնի հայուհին։ «Ադրբեջանը խախտել է  ամբողջ աշխարհում կրակի դադարեցման ՄԱԿ-ի կոչը եւ հարձակվել Հայաստանի վրա: Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները եւ հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին», Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ռեալիթի շոուների գերաստղ Քիմ Քարդաշյանը եւ կոչ արել ճնշում գործադրել կոնգրեսականների նկատմամբ Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար։

Շատ դարերի ընթացքում կարելի էր իր վերջո գիտակցել, որ երբեք չի ստացվի Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել, այս մասին էլ հայտարարել է մոր կողմից հայ է ռուսաստանցի հայտնի հեռուստամեկնաբան Թինա Կանդելակին։ Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն պահին, երբ նրա գոյությունը սպառնալիքի տակ էր: Այն չի կոտրվի նաեւ հիմա: Յուրաքանչյուր մարդ, որի երակներում գոնե մի կաթիլ հայկական արյուն կա, կպաշտպանի այս ժողովրդին՝ իր մեծ եւ բարդ պատմությամբ, որովհետեւ ճշմարտությունը հայ ժողովրդի կողմն է»,- նշել է նա:

Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի: Այդպես է եղել միշտ եւ այդպես կլինի միշտ, Instagram-ի իր էջում նշել է ռուսաստանցի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը: «Մեծ տագնապով եմ հետեւում Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանի իրադարձություններին: Այնտեղ մի քանի օր մարտեր են ընթացել: Պայծառ հիշատակ զոհվածներին: Ու նաեւ: Դադարեք սադրել հայկական բանակին: Խաղաղությունը Հայաստանի հետ խոսելու միակ լեզուն է»:

Մեծագույն անհանգստությամբ հետևում եմ վերջին օրերին մեր հայրենիքի սահմանների վրա տեղի ունեցող լարվածության, թիրախավորված բնակավայրերի մասին լուրերին և ցանկանում զորակցությունս հայտնել մեր քաջ զինվորներին, որոնք կյանքի գնով պաշտպանում են մեր հայրենիքը իրենց հերոսական գործողություններով, գրել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ցավակցել հերոս նահատակների ընտանիքներին ու աղոթել վիրավորների շուտափույթ ապաքինման համար:  Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում գլոբալ պանդեմիայի ֆոնին: Այս մասին Ամերիկայի հայ դատի գրառումը  Instagram-ի իր էջում վերահրապարակել է ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը:

Հայաստանը խաղաղություն է ուզում, իսկ Արցախի հայ ժողովուրդը՝ ինքնորոշման հիմնարար իրավունք: Այս մասին իր Twitter-ում գրել է հայտնի բժիշկ եւ «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը: «Մի շփոթեք բարությունը թուլության հետ: Կեղեքիչների համար սա կռիվ է առանց պատվի կամ մարդկայնության»,- նշել է Իսրայելյանը:

Ատոմակայանի մասին նման հայտարարություն անողը եւ իր վերադասը պետք է ենթարկվեն հոգեբանական թեսթի, հայտարարել է  Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը այն մասին, որ կարող են հարվածել Մեծամորի ատոմակայանին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։

«Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները: Դրանք վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության և պատասխանատվության բացարձակ բացակայության մասին»,– ասված է հայտարարությունում:

Ամբողջ աշխարհի հայկական լոբբին ոչ մի փողի դիմաց չէր կարողանա այնպես ցույց տալ պաշտոնական Բաքվի հոգեկան անհամարժեքությունը, ինչպես դա հաջողվեց անել հասարակ ադրբեջանցի գնդապետին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարին: Այս մասին իր Facebook-յան էջում նշել է ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը։ «Համեցեք Հարավային Կովկասի հոգեբուժարան», գրել է նա:

Հուլիսի 14-ին հակառակորդի կրակոցներից զոհված ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյանի եւ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրելյանի մարմիններն այսօր  զինվորական կարգով հողին են հանձնվել հարազատ բնակավայրերում։

Հայստանում անցած մեկ օրում մահացել է 21 կորոնավարակակիր։  Վարակվածների թիվն ավելացել է 442-ով ու անցել 34 հազարից։ Վիրուսից մահացածների թիվն ավելացել է 13-ով ու հասել 620-ի, նրանցից ամենաերիտասարդները 49, 51, 53 տարեկան տղամարդիկ են։ Մահացած եւս 8 վարակակիրների մահվան պատճառ նշվում է այլ հիվանդությունը։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 197 է:

Համավարակով պայմանավորված փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել ու հորդորել զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից: Ըստ նրա՝ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար:

Մամուլում արդեն քանի օր շրջանառվող լուրերից ու հերքումներից հետո, այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանն ազատվել է  պաշտոնից։ Վարչապետի առաջարկով հրամագիրը ստորագրել է հանրապետության նախագահը։

Ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ է խոնարհել 2016 թվականին ՊՊԾ գնդում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժանցնող հուշարձանին։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խումբը ներխուժել էր ՊՊԾ գունդ։ Այդ դեպքերի ժամանակ զոհվեցին լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, գնդապետ Արթուր Վանոյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Հիշատակելով սպանված 3 ոստիկաններին, նախկին ոստիկանապետ  Վադիմիր Գասպարյան Ֆեյսբուքում գրել է՝ տղերքին սպանեցին եւ ցանկանում էին սպանության վայրում խրախճանք անել: Տղերքը դիրք էին պահում, մեր բոլորի կողմից իրենց վստահված դիրքը, եւ կյանքի գնով պահեցին դա: Մարդասպաններին փորձեցին հերոսացնել, բայց չստացվեց: Այդպիսինն է հայը. որքան էլ դրսից հովանավորեն, որքան էլ գրանտեր բաժանեն, միեւնույն է՝ մարդասպան չսիրող ազգ ենք, գրել է Վլադիմիր Գասպարյանը:

Եվ դարձյալ հայ-ադրբեջանական լարվածության շուրջ զարգացումների մասին։ Համացանցում հայերից վրեժ լուծելու տրամաբանությամբ իբր հայկական ծիրան տրորող Մոսկվայի ադրբեջանցիները դարձել են համացանցի ծաղրի առարկան։ Մարդիկ գրում են, որ զավեշտն էլ ավելի ծիծաղելի դարձնում հանգամանքը, որ այդ ծիրանը հայկական չէ, ուզբեկական է կամ թուրքական։ 

Իսկ հայ հանրությանը «բոլոլա է լինելու» թևավոր  խոսքով հայտնի վարորդ Ռուստամ Վարդանյանը միացել է հայկական դիրքերի համար անվադողեր հավաքելու գործընթացին։ Նա նաեւ տեսաուղերձ է հղել հայ զինվորներին.

Համացանցում մեծ ժողովրդականություն է վայելում նաեւ նորաստեղծ քայլերգը նվիրված 3-րդ բանակային կորպուսին ու նրա հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին։  «Բանակային 3-րդ կորպուս հաղթական, Հայոց հողի հյուսիսային պահապան» խոսքերով սկսվող քայլերգի խոսքերի հեղինակը Զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանն է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.02 դրամով ու կազմել  482.62 դրամ։ Եվրոյի փոխարժեքն աճել է 0.44 դրամով ու հասել 550.77 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.31 դրամով  ու կազմել 605.35 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով ու կազմել 6.72 դրամ։

Հուլիսի 18-ին, կեսօրից հետո Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին վայրերում նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-ից 20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան կլինի առանց տեղումների եղանակ: Այս գիշեր կլինի 18-ից 20աստիճան զրոյից բարձր, վաղը ցերեկը +34-ից +36։