Սոչիի մոտ գտնվող «Կրասնայա Պոլյանա»-ում կառուցվող «Գորկի-Քաղաք» բնակելի համալիրում, որտեղ Սոչի-2014 ձմեռային օլիմպիադայի անցկացման ժամանակ պետք է բնակվեն լրագրողները, քննադատները նացիստական էսթետիկայի տարրեր են հայտնաբերել:
Ինչպես գրում է բրիտանական The Guardian պարբերականը, այս անգամ դիտորդներին ապշեցրել են շիկահեր, կապուտաչյա մարզիկները, ովքեր հիշեցնում են իսկական արիացիների պատկերներ: Այդ կերպարները կիրառվում էին Երրորդ ռեյխի պրոպագանդիստական մշակույթում: Մշակույթի այդ ուղղությունը կոչվում էր նեոհիտլերիզմ, իսկ կերպարները`«ֆաշիստական», նկատում է InoPressa-ն:
Ինչպես պարբերականին հայտնել է մշակույթի պատմության մասնագետ Եկատերինա Դեգոտը, պետերբուրգյան դիզայներական Doping-Pong ընկերության ներկայացուցիչները, ովքեր մտահղացել են գովազդային կոնցեպցիան, անկասկած ներշնչվել են նացիստական մշակույթով: The Guardian-ը նշում է, որ այդ ընկերությունը օգտագործում է իր սվաստիկան` որպես իր ցանցային բաններներից մեկը:




























