Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը ոչ հերքել ոչ էլ հաստատել է մամուլում շրջանառվող լուրը, ըստ որի այսօր` մայիսի 18-ի առավոտյան հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ա Գեւորգյանը նշել է, որ ինքը տեղյակ չէ, քանի որ քաղաքապետի հետ շրջայցերի է եղել: Ըստ շրջանառվող լուրերի` հրաժարականի պատճառ է հանդիսացել կառավարության շենքի վրա գմբեթի տեղադրման հետ կապված ճարտարապետների տեսակետների միջև խորը անհամաձայնությունը: NEWS.am-ը փորձեց կապվել նաեւ Միքայել Հասրաթյանի հետ, բայց նա չի պատասխանում հեռախոսազանգերին:

Հիշեցնենք, որ Միքայել Հասրաթյանը Երեւանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել 2011 հունվարի 21-ին: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ`Միքայել Հասրաթյանը Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի քեռու տղան է: