Հակաթմրանյութային քաղաքականության հարցերով գլոբալ հանձնաժողովի զեկույցը, որում կոչ է արվում մի շարք թմրանյութեր օրինականացնել, չի համապատասխանում ՄԱԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության վարչության մամլո քարտուղար Էլան Ջոնսը:
Ջոնսի խոսքով` ՄԱԿ-ի փորձագետները, ինչպես նաեւ կառույցի մեջ մտնող կազմակերպությունները զեկույցի մշակման վրա չեն աշխատել:
Կազմակերպության ներկայացուցիչն ընդգծել է, որ փաստաթղթում «չի խոսվում ՄԱԿ-ի պաշտոնական դիրքորոշման մասին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՄԱԿ-ի գլոբալ հանձնաժողովը եկել էր այն եզրակացության, որ ողջ աշխարհում թմրանյութերի օրինականացումը եւ թմրամոլների քրեական հետապնդման դադարեցումը ավելի արդյունավետ միջոց կլինեն, քան թմրանյութերի տարածման դեմ պայքարը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Մեքսիկայի, Կոլումբիայի եւ Բրազիլիայի նախկին նախագահները: Փորձագիտական զեկույցում նշվում էր, որ թմրանյութերի դեմ պայքարը հանգեցրել է թմրավաճառքի եւ կազմակերպված հանցավորության ուժեղացման: Ընդ որում, դրա դեմ պայքարը միլիոնավոր դոլարներ եւ մարդկային կյանք է արժենում:
1998-2008 թվականներին օպիումի սպառումն աճել է 35 տոկոսով, կոկաինինը` 27 տոկոսով, մարիխուանայինը` 8,5 տոկոսով:




























