Այո, գուցե ընդդիմադիրներն իրենց քննադատություններում ճշմարիտ են, ես չեմ կարող ասել, որ իրենք բացարձակ սուտ են ասում, բնականաբար, մենք մեր հայրենիքի մի մեծ հատված կորցրել ենք, ես գիտակցում եմ, որ կա դժգոհություն, ու պետք է լինեն պատասխանատուներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Ի վերջո, ես էլ որպես քաղաքացի այդ պատասխանները պետք է ստանամ: Ես պատերազմի հետ կապված այս ընթացքում չեմ խոսել, որովհետեւ ինձ համար էլ կան որոշակի հարցեր, որոնց պատասխանը չունեմ: Պետք է տրվեն պատասխաններ»,-ասաց նա:

Սիսակ Գաբրիելյանը անդրադարձավ նրան, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել էր փաստահավաք հանձնաժողով ստեղծել տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ, որը կքննի ղարաբաղյան երկրորդ պատերազմի հանգամանքները:

«Էդմոն Մարուքյանն ինչ-որ հետաքրքիր բան է առաջարկել, միգուցե մեկ այլ ուժ էլ այլ բան առաջարկի: Ես էլ եմ կարծում, որ ինչ-որ մեկը պետք է լինի, որ այս հասարակությանն այնպիսի ինֆորմացիա տա, որը ճիշտ լինի, օբյեկտիվ լինի բոլորի համար: Երեւի նման բան պետք է ստեղծվի: Ես անձամբ կողմնակից եմ այդ առաջարկին, եւ մեր քաղաքական թիմն էլ կարծում եմ՝ որեւէ խնդիր չի տեսնում: Մնում է հասկանանք դրա իրավական ձեւակերպումը ոնց տանք: Եվ այո, բոլոր մեղավորները թող պատասխան տան»,-ասաց նա: