Հայաստանի մարզական հավաքականների մարզիկները պետք է ստանան աշխատավարձ, դրամական պարգեւ, պատվովճար, պարգեւատրում, Նախագահի անվանական թոշակ, հավելավճարներ եւ խրախուսման այլ ձեւեր: Այս դրույթը տեղ է գտել «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամի կարգավիճակի մասին» օրենքի նախագծում, որը ներկայացվել է մի խումբ պատգամավորների կողմից: Հատկանշական է, որ այս նախագիծը ստորագրել են մի շարք խոշոր գործարար պատգամավորներ` Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Միքայել Վարդանյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգորի Մարգարյանը: Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ստորագրությունն այս նախագծի տակ չկա, սակայն առկա է ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանի ստորագրությունը:
Մեր տեղեկություններով`նախագծի հիմնական նախաձեռնողը ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է: Նա այս գաղափարը շրջանառության մեջ է դրել դեռեւս 2009 թ., սակայն կառավարության առարկությունների պատճառով այն ԱԺ նիստերի օրակարգ չի մտնում, սակայն շրջանառությունից չի հանվում:
Կառավարության առարկության իմաստն այն է, որ սպորտային ֆեդերացիաները հասարակական կազմակերպություններ են, իսկ կառավարությունը չպետք է միջամտի հ/կ-ների գործունեությանը: Բացի այդ` կառավարությունը պատրաստ չէ անհրաժեշտ ֆինանսավորում բացել մարզիկներին պարգեւատրելու, թոշակներ կամ աշխատավարձեր վճարելու համար:
Կառավարության այս առարկություններին պատգամավորները գրավոր ներկայացրել են իրենց հետեւյալ հակափաստարկը. «Կառավարության եզրակացության իրավաբանական բնույթի դիտողությունները հեղինակած հարգարժան անձանց կհորդորեինք, որ ոչ թե նպատակահարմարությունից ելնելով կիսատ ձեւով, այլ ամբողջությամբ ներկայացնել իրենց վկայակոչած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը»:
Նշենք, որ այդ օրենքի 5-րդ հոդվածով արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ ու նրանց պաշտոնատար անձանց միջամտությունը կազմակերպության գործունեությանը, սակայն կարող են լինել բացառություններ` օրենքով նախատեսված դեպքերում: «Թերեւս մեկնաբանություններն ավելորդ են»,- եզրակացրել են պատգամավորները:




























