Անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Հայաստան է գալիս 2 նպատակով` ամուսնանալու եւ Ենգիբարյանի անվան դպրոցին բարեգործություն անելու համար: Այս մասին այսօր` հունիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անվանի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Իր ամուսնանալու հարցին անդրադառնալով, Արթուր Աբրահամն ասաց. «Օբյեկտը կա, շփումը կա, աշխատանքներ են տարվում»: Նրա խոսքով, իր սիրելին հասարակ աղջիկ է, հայտնի մարդ չէ:
Ինչ վերաբերում է Ենգիբարյանի անվան դպրոցին օգնելուն (այստեղ է ժամանակին մարզվել Արթուր Աբրահամը), հայ բռնցքամարտիկը նշեց, որ այժմ իր հովանավոր «Ադիդաս» ընկերության հետ 100 հազ եվրոյի օգնություն է բերել դպրոցին, որի մի մասն արդեն Հայսատանում է, իսկ մյուսը` եկող երեքշաբթի կլինի:
Ի դեպ, անվանի բռնցքամարտիկն ասաց, որ Հայաստանը իր համար դրախտավայր է եւ անկախ նրանից, թե ինքը որտեղ է գտնվում, միշտ իրեն զգում է հայ եւ ներկայանում է որպես այդպիսին. «Սեւ մազերով, սեւ աչքերով գերամանցի դժվար թե լինի»,- ասաց նա:
Իր կարիերան ավարտելուց հետո Արթուր Աբրահամը ծրագրել է բացել բռնցքամարտի դպրոց, որին կից` անգլերեն եւ գերմաներեն լեզվի դպրոց, քանի որ նրա խոսքով` եթե բռնցքամարտիկը լեզու չիմանա, Հայաստանից դուրս հաջողությունների չի կարող հասնել: Նա նշեց, որ Հայաստանի շատ լավ բռնցքամարտիկներ եւ մարզիչներ կան, բայց մեզանում զարգացած չէ պրոֆեսիոնալ բռնցքամարտը, քանի որ հնարավորությունները քիչ են, դրա համար էլ գնում են այլ տեղերում մարզվելու: Նա կարեւորեց երիտասարդ բռնցքարամարտիկների` արտերկրում մենամարտերի մասնակցելը, քանի որ դա, ըստ Արթուր Աբրահամի, լավագույն փորձն է:
Նրա կարծիքով` հայերին թիմային սպորտաձեւերում հաջողության հասնելուն խանգարում է եսասիրությունը, դրա համար էլ ավելի հաջողակ են անհատական սպորտում: «Ես շատ եմ սիրում հայկական սպորտը եւ ամեն ինչից էլ տեղյակ եմ»,- ասաց Աբրահամը` նշելով, որ մեր ֆուտբոլը մեծ առաջընթաց է գրանցել եւ ժամանակ է պետք, որպեսզի ավելի զարգանա:




























