Օգոստոսին կայանալիք 5-րդ Համահայկական խաղերին ընդառաջ Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 17-ին հրավիրել է խորհրդակցություն:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներ, ՀՀ նախարարներ եւ փոխնախարարներ, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ՀՀ մի շարք գերատեսչությունների ղեկավարներ:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է խաղերի կազմակերպման ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է Համահայկական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու կարեւորությունը եւ տվել համապատասխան հանձնարարականներ: