Իրանն ազատ է արձակել հարավկորեական դրոշի ներքո նավարկող լցանավը, որը կալանավորվել էր հունվարին, հայտնհել է Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Hankuk Chemi նավը եւ 20 նավաստուց բաղկացած նրա բազմազգ անձնակազմին կալանավորել էր հունվարին, Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «նավն այսօր բարեհաջող հեռացել է ափից», փոխանցում է AFP-ն:

Թեհրանը մեղադրում էր, որ նավը «բազմիցս խախտել է ծովային էկոլոգիական օրենսդրությունը»:

Այս քայլը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ Թեհրանը Սեուլին կոչ է արել ապասառեցնել միլիարդավոր դոլարի իրանական ակտիվները, որոնք սառեցվել էին Հարավային Կորեայում՝ իր միջուկային ծրագրի հետ կապված ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Թեհրանը փետրվարին հայտարարել էր, որ ամբողջ անձնակազմին, բացառությամբ նավապետի, թույլատրվում է լքել երկիրը՝ որպես մարդասիրական ժեստ, բայց նրանց մեծ մասը մնացել էր նավում՝ նավը սպասարկելու համար:

Իրանը Հարավային Կորեա նավթի հիմնական մատակարարն էր, մինչեւ որ Վաշինգտոնն արգելափակեց գնումները: Թեհրանից հայտարարում են, որ Սեուլում արգելափակված են 7 մլրդ դոլար ընդհանուր գումարով միջոցներ:

Փետրվարին Հարավային Կորեան հայտարարել էր, որ համաձայնվել է հետագայում միլիարդավոր դոլարներ ազատել, որոնք սառեցվել էին իրանական նավթի վաճառքից հետո, բայց սպասում էր Վաշինգտոնի հավանությանը:

Անցյալ ամիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հասկացրել էր, որ Վաշինգտոնը դեմ կլինի փողի հատկացմանը, եթե Իրանը չվերադառնա միջուկային համաձայնագրի լիակատար կատարմանը:

Թեհրանը քանիցս հերքել է, որ նավի կալանավորումը կապ ունի դրամական միջոցների խնդրի հետ: