Ուկրաինիայի հետ սահմանին ռուսական ռազմական ներկայության պատասխանը պետք է լինեն խիստ պատժամիջոցները, ինչպիսիք են ռուս օլիգարխների հաշիվների սառեցումը կամ ՌԴ-ն SWIFT միջազգային ֆինանսական համակարգից բացառումը: Այդ կարծիքն է հայտնել Եվրահանձնաժողովում պահպանողական Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Funke պարբերականների խմբին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի՝ ապրիլի 11-ին:

Բոլոր այդ միջոցառումները պետք է իրականացվեն, եթե Մոսկվան շարունակի վտանգավոր սադրանքների ուղին, ընդգծել է քաղաքական գործիչը: Վեբերը համարում է, որ Ռուսաստանի վրա ճնշման մյուս հնարավոր լծակը «Հյուսիսային հոսք-2» գազատարն է, որի շինարարությունը դեռեւս չի ավարտվել: «Պուտինը պետք է ճանաչի իր գործողությունների գինը»,-հավելել է նա:

Մարտի սկզբում Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում Մանֆրեդ Վեբերն արդեն կարծիք էր հայտնել, որ «Հյուսիսային հոսք-2-ը «չի համապատասխանում եվրոպական շահերին», քանի որ «այն տնտեսապես կայունացնում է Պուտինի համակարգը, որը վարում է ծավալուն գործունեություն ընդդեմ Եվրամիության եւ դրա անդամների», հաղորդում է DW-ը:

Եվրապատրագավորի տեսանկյունից՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն պետք է ցույց տան Կրեմլին, թե «ինչ է սպասվում Ռուսաստանի ղեկավարությանը, եթե այն շարունակի Ուկրաինայի արեւելքում իրավիճակի էսկալացիան կամ իր զորքերը տեղակայի այդտեղ»: Մոսկվայի այդ գործողությունների նկատմամբ արեւմտյան երկրների պատասխանը պետք է լինի ուժեղ եւ միանշանակ, հայտարարել է Վեբերը:

Նույնը վերաբերում է նաեւ ԵՄ արձագանքին Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի շուրջ իրավիճակի մասին, որի առողջության վատթարացումը, ըստ ամենայնի, դարձել է Ռուսաստանի ղեկավարության կանխամտածված գործողությունների հետեւանք, նշել է նա: «Փոքրամասշտաբ պատժամիջոցների ժամանակն անցել է»,-ամփոփել է Վեբերը: