Windows-ում հնարավոր կլինի հարկադիր կերպով սահմանափակել հավելվածների ռեսուրսները, հաղորդում է Lenta-ն:

Լրագրողները հայտնաբերել են Windows 10 Insider Preview Build 21364-ի արդիականացման մեջ «Էկո-ռեժիմի» գործառույթ: Օգտատերերը կկարողանան ընտրել այն հավելվածները, որոնք օգտագործում են համակարգչի չափազանց շատ ռեսուրսները, եւ հարկադիր կերպով կնվազեցնեն դրանք՝ ըստ առաջնահերթության:

Եթե կոնկրետ ծրագիրը տեղափոխվի էկո-ռեժիմ, ապա հավելվածը կօգտագործի պրոցեսորի եւ օպերատիվ հիշողության ավելի քիչ ռեսուրսներ: Այդկերպ, Windows-ը առաջնահերթություն կսահմանի մյուս ծրագրերի նկատմամբ: Յուրաքանչյուր հավելված, որը կտեղափոխվի էկո-ռեժիմ, կնշվի հատուկ բեյջով:

«Այդ գործառույթն օգտակար է, երբ դուք նկատել եք, որ հավելվածն օգտագործում է շատ ռեսուրսներ, եւ ցանկանում եք սահմանափակել դրանց սպառումը, որպեսզի համակարգն առաջնահերթություն սահմանի մյուս հավելվածների համար»,-պարզաբանել է Microsoft-ի ծրագրավորողներից մեկը՝ Բրենդոն Լեբլանը: Դեռեւս նոր ռեժիմը հասանելի է միայն ծրագրավորողների համար օպերացիոն համակարգի տարբերակներում, այնուհետեւ գործառույթը հասանելի կդառնա մնացած օգտատերերի համար: Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ առաջիկայում Microsoft-ի ծրագրավորողները կզբաղվեն անսարքությունների փնտրտուքով եւ դրանց լուծմամբ: