Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գյուղի բնակիչներին վախեցրել է ամուրյան վագրը, որը հարձակվել է գյուղացիներից մեկի վրա դաշտային աշխատանքների ընթացքում:

Երիտասարդ արու վագրն առաջին անգամ հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում ուրբաթ Հեյլունցզյան նահանգի Լինհու գյուղի մերձակայքում, հաղորդում է The Paper լրատվական պարբերականը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ականատեսներից մեկը պատմել է, որ տեսնելով գիշատչին՝ նա բղավել է դաշտում աշխատողներին, որ վերջիններս փախնեն:

«Վագրը սկսեց վազել դեպի իմ կողմ: Երկու կամ երեք վայրկյան անց նա մոտեցավ եւ հարձակվեց իմ մեքենային՝ թաթերով քերծելով այն»,-ասել է նա: Բարեբախտաբար, վագրը միայն վնասել է ավտոմեքենան, ուժգին քերծել այն եւ կոտրել հետեւի ապակին: Մեքենայում գտնվողներից ոչ մեկը չի տուժել:

Տեսանյութում նաեւ երեւում է՝ ինչպես է վագրը հարձակվում դաշտում աշխատող գյուղացիներից մեկի վրա նախքան փախնելը, որը թեթեւ վնասվածքներ է ստացել:

Ի վերջո ոստիկանությանը հաջողվել է հանդարտացնել կենդանուն տրանկվիլիզատորի միջոցով: Կենդանին տեղափոխվել է 45-օրյա կարանտին Մուդենցզյան քաղաքում գտնվող կատուների բազմացման կենտրոնում: