Գիտնականները հայտարարել են, որ Հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող արդյունաբերական թափոնների նախկին աղբանոցում մոտ 25 000 բարել ԴԴՏ թունավոր քիմիական նյութ է հայտնաբերվել:

Ավելի վաղ Սանտա Կատալինա կղզու տարածքում «ծովային կաթնասունների, այդ թվում՝ դելֆինների ու ծովառյուծների օրգանիզմում ԴԴՏ-ի բարձր մակարդակ էր հայտնաբերվել»:

Արշավախմբի գլխավոր գիտաշխատող Էրիկ Թերիլը, ով նաեւ Սքրիփսի ծովային ֆիզիկական լաբորատորիայի տնօրենն է, հայտարարել է, որ «Լոս Անջելեսի ավազանը մի քանի տասնամյակ՝ սկսած 1930-ականներից, արդյունաբերական թափոնների աղբանոց է եղել»:

Մարտի 10-24-ը հետազոտական թիմը, համագործակցելով NOAA-ի հետ, քարտեզագրել է Սանտա Կատալինա կղզու եւ Լոս Անջելեսի ափերի միջեւ ծովի հատակի ավելի քան 36 000 ակր տարածք, որը, ինչպես հայտնի է, ԴԴՏ-ի բարձր մակարդակ է պարունակում:

Թերիլի խոսքով՝ հետազոտողները կարող էին նույնիսկ ավելի շատ ապացույցներ գտնել, եթե արշավախմբի ժամանակը բավարարեր։

Նա նշել է, թե գիտնականները «հուսով են, որ այս տվյալները հիմք կդառնան թափոնների հեռացման հնարավոր հետեւանքները վերացնելու ռազմավարությունների մշակման համար»:

Բուֆալոյի համալսարանի քիմիայի պրոֆեսոր Դիանա Ահան, որը չի մասնակցել հետազոտությանը, AP-ին ասել է, որ եթե ապացուցվի, որ տակառները ԴԴՏ են պարունակում, բայց չեն արտահոսում, դրանք կարող են տեղափոխվել թաղման ավելի անվտանգ վայր:

ԴԴՏ-ն պեստիցիդների քիմիական ակտիվ նյութ է, քլորօրգանական միացությունների դասի միջատասպան, որը նախկինում օգտագործվել է (նաեւ այլ ակտիվ բաղադրիչների հետ խառնուրդներում) գյուղատնտեսությունում՝ վնասակար միջատների եւ պաշարների վնասատուների, ինչպես նաեւ մարդու հիվանդությունների փոխանցող միջատների դեմ պայքարելու համար: