Samsung խմբի մահացած ղեկավար Լի Հոն Հիի ժառանգները ավելի քան 12 տրիլիոն վոն (10.7 միլիարդ դոլար) ժառանգության հարկ կվճարեն, ինչն ամենամեծ նման վճարն է երկրի պատմության մեջ: Այս մասին հայտնել են Լիի ընտանիքի ներկայացուցիչները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ընդ որում, նրանք չեն հայտնել, թե ինչպես են բաժանվելու ժառանգված բաժնետոմսերը, ինչն առանցքային պահ է Հարավային Կորեայի խոշորագույն կոնգլոմերատի սեփականության ձեւի փոփոխության մեջ:

Ժառանգները նաեւ հայտնել են, որ 1 տրիլիոն վոն (900 միլիոն դոլար) եւ մոտ 2 տրիլիոն վոն (1.8 միլիարդ դոլար) գնահատվող շուրջ 23000 արվեստի գործ կփոխանցեն վիրուսային վարակների դեմ պայքարին աջակցության եւ մանկական հազվագյուտ հիվանդությունների հետազոտությունների համար:

Լի Հոն Հիի ժառանգներն են նրա այրին, որդին եւ երկու դուստրերը: Կորեայի Հանրապետության ամենահարուստ մարդը մահացել էր անցած հոկտեմբերին՝ ավելի քան 25 տրիլիոն վոն արժողությամբ ակտիվներ եւ անշարժ գույք (22.5 միլիարդ դոլար) թողնելով:

Լի Հոն Հիի ընտանիքը հայտնել է ժառանգության հարկը մաս-մաս վճարելու մտադրության մասին. Մեկ վեցերորդ մասը կվճարվի մինչեւ ապրիլի վերջ, իսկ մնացած մասը՝ առաջիկա  հինգ տարվա ընթացքում:
.