Ինդոնեզիայի ոստիկանությունը չեզոքացրել է թմրանյութերի մաքսանենգների խմբավորմանը, որը Աֆղանստանից շուրջ 82 միլիոն դոլար արժողությամբ 2,5 տոննա մետամֆետամին է ցանկացել երկիր տեղափոխել:

Մեկ կասկածյալ գնդակահարվել է, եւս 17-ը ձերբակալվել են Սումատրայի Աչեհ նահանգում եւ մայրաքաղաք Ջակարտայում ոստիկանական գործողությունների արդյունքում, հաղորդում է AFP-ն:

Մետամֆետամինի մի մասը դրվել է սննդի տարաների մեջ, այնուհետեւ թաքցվել նավակների կամ ցամաքում պահարանների մեջ:

Կասկածյալները թմրաբիզնեսում առանցքային դեմքեր են եղել։

Հարավարեւելյան Ասիայի արշիպելագը դարձել է միջազգային թմրանյութերի ապօրինի շրջանառության առանցքային հանգրվան եւ տարանցիկ կետ:

Այս ամիս ավազակախմբի 13 անդամներ, այդ թվում՝ երեք իրանցիներ եւ մեկ պակիստանցի, դատապարտվել են մահապատժի՝ Ինդոնեզիա 400 կիլոգրամ մետամֆետամին մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար:

Վերջին տարիներին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար գնդակահարվել են մի քանի օտարերկրացիներ եւ Ինդոնեզիայի քաղաքացիներ, այդ թվում՝ 2015 թ. ավստրալացիներ Էնդրյու Չանը եւ Մուրան Սուկումարանը։