Եվրոպական անվտանգության կայուն համակարգ կարող է մշակվել միայն Ռուսաստանի հետ, բայց եվրոպական շատ երկրներ Ռուսաստանի Դաշնությունից պաշտպանության կարիք ունեն: Այս մասին հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը, գրում է DW-ն:

«Հարկադրման միջոցառումները, ինչպիսիսք են պատժամիջոցները, անհրաժեշտ են ռուսական հաշվարկները փոխելու համար»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, նա հավելել է, որ պատժամիջոցները պետք է կիրառվեն երկխոսություն սկսելու փորձերի հետ միասին: Ըստ Իշինգերի՝ այժմ հարաբերությունների բարելավման պատասխանատվությունն ընկած է Ռուսաստանի վրա:

Հարցազրույցում նա նաեւ հանդես է եկել այն բանի օգտին, որպեսզի Եվրամիությունը սովորի օգտագործել «ուժի լեզուն» եւ այդպիսով ապացուցի համաշխարհային քաղաքականությանը մասնակցելու իր կարողությունը՝ ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետ հավասար հիմունքներով:

Իշինգերը հանդես է եկել ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հստակ դիրքորոշման օգտին: Միեւնույն ժամանակ, նա «խոշոր տերությունների միջեւ աճող առճակատումը» դասել է «միջազգային խաղաղ համագործակցության սպառնալիքների» շարքին: