«Օրենքով գող» «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանը մոտ երկու ամիս առաջ եղել է Գյումրիում, իսկ թե որտեղ է նա այժմ` հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի ոստիկանության վարչության հերթապահ Հակոբյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե «Զապն» այս օրերին Գյումրիում է եւ շփումների մեջ է Շիրակի մարզային իշխանությունների եւ ուժային կառույցների հետ:
«Ոստիկանության հետ ինքը միշտ էլ շփվում ա….(ընդհատեց խոսքը-NEWS.am): Օրենքով գողերն ովքե՞ր են, իրանց պետք է բերման ենթարկենք, եթե իրա մասին ինչ-որ տեղեկություն ունեցանք, որ ինչ-որ հանցավորության մեջ կասկածվում ա, մենք իրան կբերենք էլ, ոնց որ պետք ա կխոսցնենք էլ: Իսկ թե կթողնենք, թե չենք թողնի` էդ արդեն մեր գործն ա»,-հայտարարեց Հակոբյանը` վրդովված հավելելով. «Չհասկացա, էդ ո՞վ դառավ ինքը, որ դուք էդ ձեւի համոզված հայտարարում եք, թե ինքը ուժային կառույցների հետ կապերի մեջ է: Ի՞նչ կապեր, դուք հասկանում ե՞ք` ինչի մասին եք խոսում»: Հերթապահը, ով ստանձնեց NEWS.am-ի հարցերին պատասխանելու պատասխանատվությունը, առաջարկեց թեմայի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելել Գյումրի եւ բարկացած անջատեց հեռախոսը:
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Գրիգորյանն էլ հայտարարեց, թե «օրենքով գողի» եւ մարզային իշխանության շփումների մասին տեղեկությունները «հերյուրանք եւ անհեթեթություն են», եւ որ նրա հետ «շփվելու» խնդիրը ոստիկանության «սրբազան պարտականությունն է»: Առավել եւս, որ Սողոյանը հետախուզման մեջ է:
«Նման հարցերով ո’չ մարզային, ո’չ քաղաքային իշխանությունները երբեւէ ոչ զբաղվել են, ոչ էլ զբաղվելու են: Առավել եւս, որ տվյալ անձը հետախուզման մեջ է»,-հայտարարեց Գրիգորյանը:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Անդրանիկ Սողոյանը այս օրերին Գյումրիում է, եւ իր մի քանի թիկնապահների հետ իջեւանել է Գյումրիի հյուրանոցներից մեկում: Նրա հետ պարբերաբար հանդիպում են մարզային իշխանությունների եւ նույնիսկ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Չեխիայի իրավապահները Սողոյանին մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ: Նրա մեղքը, սակայն, դատարանում չէր ապացուցվել եւ վերջինս անցյալ տարվա հոկտեմբերին ազատ էր արձակվել դատարանի դահլիճից: Պրահայի գերագույն դատարանը մետ երկու ամիս առաջ տեղական դատարան լրացուցիչ քննության էր վերադարձրել հայաստանցի «օրենքով գողի» գործը: Չեխական լրատվամիջոցները նշում են, որ Չեխիան կարող է Հայաստանին պաշտոնապես ներկայացնել ամբաստանյալի վերադարձը ապահովելու միջնորդություն։




























