Իրանի գերագույն դատարանը հաստատել է իրանցի հոգեւորական Յոսեֆ Նադարկանիի նկատմամբ կայացված մահապատժի վճիռը, ով մեղադրվում է իսլամից հրաժարվելու մեջ:

Ամերիկյան քրիստոնեական առաքելության ներկայացուցիչ Ջեյսոն Դե Մարսը հայտնել է, որ «այս իրավիճակը սովորական է Իրանում նման դեպքերի համար»: «Ցանկացած ժամանակ եւ առանց նախազգուշացման նրանք կարող են կյանքի կոչել մահապատիժը: Սկզբում նրանք եւս մեկ անգամ կխնդրեն հոգեւորականին հրաժարվել քրիստոնեությունից եւ եթե նա դա չանի, ապա մահապատժի կենթարկվի»,- հաղորդում է NEWSru.com-ը` վկայակոչելով «Սեդմիցա.ru»-ն:

Յոսեֆ Նադարկանին 33 տարեկան է, ծնվել է Գիլանի մարզի Ռեշտ քաղաքում: Վերջին 10 տարում նա տնային եկեղեցական ցանցի հոգեւորական է եղել: Առաջին անգամ Նադարկանին բանտ է ընկել 2006-ի դեկտեմբերին` իսլամից հրաժարվելու եւ քրիստոնեություն ընդունելու մեղադրանքով, բայց երկու շաբաթ անց ազատ էր արձակվել:

Յոսեֆն ամուսնացած է եւ ունի 8 եւ 6 տարեկան որդիներ: Նրանք սովորել են տեղի դպրոցում մինչեւ այն պահը, երբ կառավարությունը որոշել է բոլոր երեխաներին իսլամ դասավանդել, անգամ քրիստոնյա ընտանիքների երեխաներին: Այդ ժամանակ Յոսեֆն այցելել է դպրոց եւ բողոքել, որ դա հակասում է Իրանի սահմանադրությանը, որտեղ ճանաչվում է իրենց կրոնը դավանելու ազատությունը: Արդյունքում 2009-ի հոկտեմբերի 12-ին նրան կալանավորել է գաղտնի ոստիկանությունը եւ նա կանգնել է Ռեշտի քաղաքական տրիբունալի առաջ: