Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշման նպատակը մեկն է՝ հնարավորին չափ երկար ինձ մեկուսացված պահել, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանը շարունակի պաշտոնավարել ԲԴԽ նախագահի պաշտոնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորություններն այս պահին դադարեցված են:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել էր Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ բողոքը՝ արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի արվել ու պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։

Թեև առաջին ատյանի դատարանի որոշումն օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից, այն չի կատարվել, իսկ այսօր արդեն Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բեկանել է նշված  դատական ակտը՝ բավարարելով դատախազության ներկայացրած բողոքը։

Հարցին՝ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարումը երկարաձգելը, ինչպես Վարդազարյանն է պնդում, միայն տվյալ անձին այդ պաշտոնում տեսնելու՞ ցանկությունից է բխում, թե ավելի հեռահար նպատակներ էլ կան, Վարդազարյանը նկատեց.

«Իհարկե, միայն Ջհանգիրյանին տվյալ պաշտոնում տեսնելը չէ այս ամենի նպատակը, այլ այդ անձի պաշտոնավարման միջոցով որոշակի գործընթացներ ապահովելը: Հայաստանում քրեական արդարադատության ոլորտում արդարացման դատական ակտերի քանակը հասել էր 28%-ի՝ այս տարվա մարտ ամսի դրությամբ: Այդ ցուցանիշը, վստահ եմ, մեկ տարուց հասնելու է 1-2%-ի: Մեծ դժվարությամբ ենք հասել նման ցուցանիշի, որովհետև շատ բարդ է դիմակայել Դատախազությանը, երբ վերջինի կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերով արդարացման ակտեր են կայացվում: Դրա համար դատարանը պետք է արդար, անաչառ, բառիս լավ իմաստով «դուխով» լինի, պետք է վստահ լինի, որ արդարացի դատական ակտ կայացնելու դեպքում չի պատժվի»,- նկատեց Վարդազարյանը:

Հարցին, թե արդյո՞ք իր շուրջ ընթացող գործընթացները կարող են կապ ունենալ քաղաքական հնչեցություն ունեցող տարբեր քրեական գործերի հետ, Վարդազարյանը նկատեց՝ իր գնահատողական դատողության համաձայն՝ այո:

«Այո, կարծում եմ՝ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի, բայց ես փաստեր չեմ կարող ներկայացնել, քանի որ ծանոթ չեմ այդ գործերին, մեղադրանքներին, դրանց հիմնավորվածությանը, փաստական հանգամանքներին: Վստահ եմ, որ կապ ունի դրա հետ, բայց սա, կրկնում եմ, իմ գնահատողական դատողությունն է»,- շեշտեց Վարդազարյանը

Նա պատրաստվում է Վճռաբեկ դատարան դիմել՝ իր իրավունքները պաշտպանելու համար. արդյունքի չհասնելու դեպքում մտադիր է Սահմանադրական դատարան և ՄԻԵԴ դիմել:

«Որևէ ակնկալիք չունեմ Վճռաբեկ դատարանից, իսկ Սահմանադրական դատարանից և ՄԻԵԴ-ից իրական արդարադատության ակնկալիք ունեմ»,- նկատեց Վարդազարյանը: