Բանակում բոլոր նախարարների օրոք (պաշտպանության ՝ խմբ.) զարգացում է եղել, եղել են նաեւ թերություններ, եւ ես միշտ խոսել եմ դրանց մասին: Այս մասին օգոստոսի 10-ին խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ամեն 23 օրը մեկ ես աշխատանքից ազատում էի գնդապետից բարձր կոչում ունեցող անձի: Ո՞վ մտցրեց վիճակահանության սկզբունքը: Ո՞ւմ օրոք է գնցել համապատասխան սպառազինություն: Ինչո՞ւ 2018-ին փոխվեց գնումների ծրագիրը եւ անօդաչու թռչող սարքեր չգնվեցին: Երբ ներկայիս իշխանությունները խոսում են բանակի բյուջեի աննախադեպ փոփոխության մասին, պետք է նկատել, որ այդ փոփոխություններն ուղղված չեն եղել ռազմական ներուժի հզորացմանը:

Բացի այդ, այդ փոփոխություններն այնքան էլ շատ չեն եղել: Բանակում սննդի ոլորտի բարելավմանը միտված ծրագրերը մշակվել են դեռեւս իմ օրոք, բայց այն ժամանակ դրանք իրականացնելու հնարավորություն չկար: Ուշագրավ է նաեւ, որ ներկայիս իշխանությունները ռազմական բյուջեի ցուցանիշի մեջ ներառել են նաեւ միջպետական վարկերը, մինչդեռ մեր ժամանակ նման բան չկար: Սահմանային իրավիճակի խորհրդարանական վերահսկողության մասին հարցին պատասխանելու փոխարեն Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե իբր իշխանությունները ինչ-որ բան կանխել են Բաղրամյան պողոտայում»,- ասաց նա: Խմբակցության ղեկավարը բացատրեց, որ երկրի ռազմական ներուժը որոշվում է տնտեսական զարգացման մակարդակով:

«Այս առումով, ես կցանկանայի բերել 2020-2021 թվականների աշխատանքային ռեսուրսների ցուցանիշները՝ 1000 մարդու հաշվով, որոնք նվազել են 74 000-ով, աշխատուժի ցուցանիշները նվազել են 42 000-ով, զբաղվածության ցուցանիշները՝ 30 000-ով։ Տնտեսության մեջ պետք է անընդհատ աշխատանք կատարվի»,- ընդգծեց Օհանյանը: Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Վահե Հակոբյանը պատրաստ է առավել արդյունավետ կատարել տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարի գործառույթները: «Մեր տնտեսական կարգի հիմքը՝ սոցիալական շուկայական տնտեսության, որը հիմնված է մասնավոր սեփականության, ազատ մրցակցության, սոցիալական արդարության եւ քաղաքացիների տնտեսական բարեկեցության վրա` համապատասխան պետական քաղաքականության իրականացման միջոցով: Այս խնդիրները շատ կարեւոր են:

Հայաստանում պետք է ձեւավորվի տնտեսական քաղաքականության հայեցակարգ: Վահե Հակոբյանի փորձը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում, հնարավորություն կտա աշխատել ոչ միայն տնտեսության առանձին հատվածների զարգացման, այլեւ մարզերի հավասար զարգացման ուղղությամբ: «Հայաստան» դաշինքն ու փորձագիտական խմբերը նրան կտրամադրեն համապատասխան աջակցություն»,- եզրափակեց խմբակցության ղեկավարը: