ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունն են հրավիրում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վարքագծին։
Հայտարարության մեջ ասվում է.
«Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել բերման ենթարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գեւորգյանին:
Նորություն չէ, որ վերջին երեք տարիների ընթացքում իրավական ամենաթողության նոր բարձունքներ գրավելը բնորոշ է այս իշխանություններին: Դրանց թվին է դասվում նաեւ Ազգային ժողովի մեր երկու գործընկեր պատգամավորների` մինչ օրս կալանավորված մնալը: Սահմանադրության 94-րդ հոդվածը երաշխավորում է պատգամավորի ներկայացուցչական մանդատը:
Նշվածն ուղղակի պարտականություն է նախատեսում Ազգային ժողովի պատգամավորների համար` իրենց կարգավիճակից բխող: Նույն դատավորը օգոստոսի 3-ին հարգելի էր համարել Ազգային ժողովի նիստերին մասնակցելու պայմաններում պատգամավորի բացակայությունը, բայց նույն իրավական պայմաններում` Ազգային ժողովի ձեւավորման` Սահմանադրության ուժով գումարվող եւ դեռ շարունակվող նիստերի պայմաններում, դատավորն ամբողջովին հակառակ մոտեցում է որդեգրում: Նման վարքագծով, փաստացի, դատավորը որոշել է միջամտել Ազգային ժողովի բնականոն գործունեությանը եւ հենց պատգամավորի ներկայացուցչական մանդատին, ինչն իրավական որեւէ գործընթացի հետ աղերս չի կարող ունենալ:
Հրավիրում ենք Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վարքագծին:
Հարկ ենք համարում ընդգծել, որ Արմեն Գեւորգյանը մշտապես պահպանել է հարգանքը դատարանի նկատմամբ, եւ ցանկացած հանգամանք նախապես պատշաճ կերպով տեղեկացվել է դատարանին»։





























