Աղբյուր Սերոբ փողոցի հասցեներից մեկի դիմաց՝ «Սարալանջ» ճանապարհի բաժանարար գոտու հատվածում, անհայտ առարկայով օգոստոսի 14-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով վնասվել է ընթացքի մեջ գտնվող «Mitsubishi Pajero IO» ավտոմեքենայի ձախ թափարգելը, դիմացի ձախ դուռը, ձախ լուսարձակը եւ ջրահովացման համակարգը։ 

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, օգոստոսի 14-ին՝ ժամը 02.05-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում  քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Սարալանջի փողոցում գտնվող  բենզալցակայանի մոտ մեքենա է կայանված, որից բարձր պայթյունի ձայն է լսվել, իսկ ուղեւորները դուրս են եկել ավտոմեքենայից։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են պայթուցիկ նռնակի նմանվող մետաղյա բեկորներ, նռնակի բռնակ եւ պայթյունի հատվածից հողային զանգված:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատաապրանքագիտական, դատահետքաբանական համալիր փորձաքննություն։ Ձեռնարկվում մեն  անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը  պարզելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։    

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սարալանջի ճանապարհին գործող CPS բենզալցակայանի մոտ պայթյունի ձայն է լսվել, վնասվել է քաղաքացու Mitsubishi-ն (ֆոտո)