Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու մասին որոշման հիմքում դրել է նրա՝ քննությանը խոչընդոտելու ռիսկը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը:

«Բացարձակ որեւէ հիմնավորում չկա, որի հետ առիթ ունենայինք չհամաձայնվելու։ Միակ հիմքը, որը դրված է կալանավորման որոշման հիմքում դա քննությանը խոչընդոտելու ռիսկն է։ Մեր դիրքորոշմամբ բացի նրանից որ առնչություն չունի եւ առիթ չունի խոչընդոտելու, մյուս կողմից հաշվի առնելով նրա մարդկային հատկանիշները որեւէ առիթ չկա նրա վարքագիծը կասկածի տակ դնելու համար»,- ասաց նա։

Հովհաննիսյանն ասաց, որ վերաքննիչ բողոքը պատրաստ է. «Ուղղակի խմբագրման կարիք ունի, աշխատանքային օրվա հետ կապված այսօր չենք կարող մուտքագրել, բայց երկուշաբթի առավոտյան անպայման մուտքագրելու ենք դատարան»։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն  ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի բնակարաններում խուզարկություններ էր իրականացնում։ Խուզարկել էին նույնիսկ Տոնոյանի մոր բնակարանը։ Թե ԱԱԾ–ում գործը հարուցվելուց ամիսներ անց քննիչներն այդ բնակարաններում ինչ էին ակնկալում գտնել, հայտնի չէ։ Մամուլում միայն լուրեր էին շրջանառվում, որ իրավապահները փաստաթղթեր եւ գումար են փնտրել։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեցին Դավիթ Տոնոյանը եւ զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։