«Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիրը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատուն է ուղարկել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին ուղղված նամակ, որով խնդրում է թույլատրել պարբերականի լրագրող Յուրի Սնեգիրեւի այցը Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «1news.az»-ը, արգելքի պատճառը եղել է նրա «Լեռնային Ղարաբաղ անօրինական այցը»: Բաքվին նաեւ դուր չէր եկել այն, որ «Ղարաբաղում չեն սպասում պատերազմի, բայց պատրաստվում են» հրապարակման մեջ խոսվել է մայրաքաղաք Ստեփանակերտի, ոչ թե Խանքենդիի մասին: Ընդհանուր առմամբ` Ադրբեջանի ԱԳՆ-ում այն համարել են «միակողմանի եւ միայն Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի տեսակետն արատացոլող» հրապարակում:
Ըստ «Lenta.Ru»-ի` Սնեգիրեւը պատրաստվում է մեկնել Ադրբեջան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուսաբանի բոլոր տեսանկյուններից: «Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Մալյուտինը բացատրել է, որ հենց արգելքն է հրապարկումը դարձնում «միակողմանի»: Նա հույս է հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի առաջիկայում:
Հիշեցնենք, որ Յու. Սնեգիրեւն այցելել էր Ղարաբաղ հունիսի վերջին: Հուլիսի 1 –ին Ադրբեջանի ԱԳՆ-ն նրան արդեն ներառել էր այն լրագրողների «սեւ ցուցակում», որոնց մուտքն Ադրբեջան ցանկալի չէ:




























