Ախալցխայում միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկել են Էթնիկ փոքրամասնությունների կրթական, մայրենի լեզվով մատչելի տեղեկատվություն ստանալու, տարածաշրջանում ընթացող ծրագրերում տեղի բնակիչների աշխատանքի տեղավորման խնդիրները, հայտնում է վրացական «Սամխրեթիս կարիբջե» պարբերականը:
Նիստը տեղի է ունեցել Ախալցխայի պետական համալսարանում, որը կազմակերպել էր վերաինտեգրման հարցերով պետնախարարի աշխատակազմը:
Ջավախքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչները առաջին հերթին բարձրացրել են մայրենիով տեղեկատվություն ստանալու խնդիրը: Պետական լեզվի` վրացերենի չիմացության պատճառով, Ջավախքում բնակվող էթնիկ փոքրամասնությունների համար անհասկանալի են հեռուստաընկերություններով ցուցադրվող հաղորդումները:
Հաջորդ խնդիրը, որը հուզում է Ջավախքում բնակվող հայերին, կրթական ոլորտում առկա բազմաթիվ հարցերն են, օրինակ` հայկական դպրոցներում աշխատող ուսուցիչների որակավորման եւ դասագրքերի հարցը:
«Այս հանդիպման գլխավոր նպատակն էր միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալը եւ տեղում գոյություն ունեցող խնդիրների ավելի լավ ուսումնասիրումը»:




























