Ընդդիմությունը ճիշտ է անում, որ արտահերթ ընտրություններ է պահանջում. Դա շատ օբեյեկտիվ գործընթաց է, որի միջոցով նա փորձում է ցույց տալ իր քաղաքական կշիռը։ Հուլիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը։
«Այլ բան է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չկա։ Սակայն միաժամանակ հասկանալի է, որ Հայ ազգային կոնգրեսն իր այս պահանջով քաղաքական պայքարի սցենար է բեմադրում։ Բնական է, որ նրանք պետք է խոսեն արտահերթ ընտրությունների մասին, իսկ մենք էլ պետք է ասենք, որ դրանց անհրաժեշտությունը չկա»,- նկատեց պատգամավորը։
Հարությունյանը միաժամանակ նկատեց, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը քաղաքական նոր մշակույթ է ձեւավորում։
«Բնական է, որ երկխոսության դեպքում ընդդիմությունն ու իշխանությունը պետք է ներկայացնեն իրենց պահանջները։ Սակայն նաեւ փաստ է, որ ընդդիմությունը մերժում է իշխանության բոլոր առաջարկները։ Ի վերջո, ընտրությունները մոտենում են եւ եթե կարծում եք, թե երկխոսությունը հալած յուղի նման կընթանա, սխալվում եք։ Կարծում եմ, որ երկխոսության որոշակի վիժեցման օբյեկտիվ ձգտումները պիտի գան ընդդիմությունից՝ իր իսկ դեմքը պահելու համար»,- ասաց Համլետ Հարությունյանը։
Նշենք, որ ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկխոսության գործընթաց սկսելու ողջամիտ ժամկետ նշել էր սեպտեմբերը։ «Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»,- ասել էր նա:




























