Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 8-ին ընդունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, ով Հայաստան է ժամանել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը փոխանցելու նպատակով:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների ջանքերը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ:

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահի շարունակական աջակցության համար եւ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ շուտափույթ առաջխաղացման հասնելու շահագրգռվածությունը: Նա նշել է, որ հայկական կողմն ուշադրությամբ կուսումնասիրի Դմիտրի Մեդվեդեւի առաջարկություններն ու մոտ ժամանակներում կներկայացնի իր պատասխանը:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի եւ լուծվի այնպես, որպեսզի մեր տարածաշրջանում, իսկապես, հաստատվի վերջնական խաղաղություն եւ կայունություն»,-ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերգեյ Լավրովը նշել է, որ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի այս գործընթացը հաջողությամբ պսակվի եւ վստահ է, որ համաձայնության գալու բոլոր պայմաններն առկա են: