Համացանցում տարածված տեսանյութը մոնտաժված է եւ խեղաթյուրված ձեւով է ներկայացնում երկու Կաթողիկոսների մտերմիկ հանդիպումը, որին, ի դեպ, թույլատրված չէր նկարահանողների մուտքը: Այդպես է արձագանքել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` համացանցում տարածված տեսանյութի առիթով: «Ինչպես կոմունիկեի նախագծի հրապարակումը, սա եւս վրացական կողմի հերթական սադրանքն ենք նկատում, ինչը մեզ համար անհասկանալի պատճառներով որոշ շրջանակներ շահարկման նյութ են դարձնում»,- ասել է նա:
NEWS.am-ին տրամադրած հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 11-ին Վեհափառ Հայրապետը շքախմբի ուղեկցությամբ այցելեց վրաց պատրիարքարան, ուր տեղի ունեցավ նախ երկու կաթողիկոսների առանձնազրույցը, ապա լրատվամիջոցների կողմից լուսաբանված պաշտոնական հանդիպումը: Հանդիպման ավարտին Վրաց Պատրիարքը Վեհափառ Հայրապետի եւ շքախմբի անդամների հետ շրջայց կատարեց պատրիարքարանի շենքում` ներկայացնելով Եկեղեցին, այգին եւ թռչունները: Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգեւորականների հետ առաջնորդվեց պատրիարքարանի մառան, ուր գինու հյուրասիրության ժամանակ տեղի ունեցավ մտերմիկ, անկաշկանդ, ոչ պաշտոնական զրույց, այդ իսկ պատճառով ռուսերեն լեզվով:
Հյուրասիրության ընթացքում Գարեգին Բ Կաթողիկոսը անդրադարձ է կատարել Հայ Եկեղեցուն հուզող խնդրիներին` ընդգծելով, որ այցի ընթացքում երկու հովվապետերի միջեւ կայացած պայմանավորվածություններից Վրաց Պատրիարքը պաշտոնական հանդիպման ժամանակ հետ քայլ է կատարել: Նաեւ զրույցում Նորին Սրբությունն անդրադառնում է Վրաց Պատրիարքարանում եղած շրջայցին»:
Նշենք, որ YouTube-ում հայտնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Վրաց Պատրիարք Իլյա Երկրորդի բանակցությունների նոր տեսագրությունը։
Կաթողիկոսները զրուցել են ռուսերենով։ Ինչպես երեւում է տեսահոլովակում, հայ կաթողիկոսը եւ հանդիպման մյուս վկաները լավ տրամադրություն են ունեցել։




























