Արդեն մեկ շաբաթ է, ինչ գործում են Սեւանի ափին կառուցված հանրային լողափերը. Առաջիկայում կստեղծվեն եւս երեք հանրային լողափեր: Այդ մասին այսօր` հուլիսի 8-ին լրագրողներին տեղեկացրեց բնապահպանության նախարարության հանրային լողափերի համակարգող Աշոտ Ավալյանը:

Նոր լողափերը կստեղծվեն Շորժայում, Մարտունիից  6-7 կմ դեպի Վարդենիս տեղամասում եւ Չկալովկա գյուղում:

Ա. Ավալյանը նշեց, որ հանրային լողափում մի շարք ծառայություններ անվճար են` ավտոկանգառը, մանկական եւ սպորտային խաղահրապարակները, զուգարանները, բուժկետը: Սակայն խորոված անելու համար հատուկ տեղեր առանձնացված չեն:

Ալկոհոլային խմիչքներ վաճառելը, բացի գարեջրից, չի թույլատրվում:  Լողափների սպասարկումը եւ առեւտուրը կազմակերպում է «Սթար գրուպը»: Վերջինս նաեւ պայմանագրով պարտավորվել է վճարել աղբահանության վճարները:

Ա. Ավալյանի տեղեկացմամբ` հանրային լողափերում օրական միջինը 800 մարդ է հանգստանում, իսկ հանգստյան օրերին` 1200: