Արարատի մարզի Շաղափ գյուղի 18 բնակիչները, ովքեր երեկ` հուլիսի 7-ին ժամը 20.00-ի սահմաններում տեղափոխվել էին Վեդիի հիվանդանոց, թունավորվել էին տնային պայմաններում պատրաստված խաշլամայից: Այս մասին այսօր` հուլիսի 8-ին, NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Նախնական տվյալներով` թունավորման հավանական պատճառը տնային պայմաններում պատրաստված սնունդն է` խաշլաման, որը չի պահպանվել համապատասխան ջերմային պայմաններում: Ներկայումս բոլոր հիվանդների վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական դինամիկա: Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են, իրավիճակը վերահսկվում է առողջապահության նախարարության կողմից»,- մեզ հետ զրույցում ասաց հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:
Առողջապահության նախարարությունը եւս մեկ անգամ զգուշացնում է ամառվա շոգ ամիսների ընթացքում օգտագործել միայն թարմ պատրաստված կամ սառնարանային պայմաններում պահված սննդամթերք: Ավելի վաղ NEWS.am-ին Վեդիի հիվանդանոցի տնօրեն Խաժակ Գրիգորյանը ասել էր, որ թունավորվողները համագյուղացիներ են, ովքեր մասնակցել են ինքնահողի արարողությանը: Թունավորվածներից ամենաերիտասարդը 23 տարեկան է, ամենածերը` 80:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Շաղափ գյուղից երեկ` հուլիսի 7-ին ժամը 20.00-ի սահմաններում 18 մարդ սննդային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Վեդիի հիվանդանոց:



























