Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը հանդես է գալիս Հայաստանում աշխարհազորի ձեւավորման օգտին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փորձագետը կարծիք հայտնեց, որ մեր երկրում գոյություն ունեն զենքի վաճառքի հետ կապված օրենսդրական խնդիրներ, թեեւ Հովհաննիսյանը ճիշտ է համարում, որ քրեական աշխարհում սիրված ատրճանակի, զենքի կարճափող տեսակների եւ խոշոր տրամաչափի մանրագնդակի հրացանների վաճառքի առումով դժվարություններ կան: Գնի իմաստով եւս զենքի այդ տեսակները մատչելի չեն Հայաստանում:
Փորձագետը կարեւորեց բավական բարդ իրադրությունում գտնվող Հայաստանի համար աշխարհազոր ստեղծելու խնդիրը: Նրա կարծիքով, դա կարող է վերաբերել որոշակի շրջանների եւ խիստ սահմանափակ զինատեսակներով: Հովհաննիսյանը հիշեցրեց Հայաստանի տխուր փորձը, երբ Ղարաբաղյան պատերազմի սկզբնական փուլում աշխարհազորայինները զենքի խնդիր ունեին: Իսկ այսօր երկիրն ունի աշխարհազորային ուժերին զինելու հնարավորություն: Դա շահավետ կլինի նաեւ զենքի վաճառքով զբաղվող ընկերություններին: Եթե մոդելը կյանքի կոչվի պատշաճ մակարդակով եւ խստագույն հսկողությամբ, ապա կարող է էականորեն նպաստել աշխարհազորի ձեւավորմանը: Փորձագետը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ բանակը համալրվում է աշխարհազորով եւ դա համապատասխանում է միջազգային պրակտիկային:
«Աշխարհազորի ձեւավորման համար անհրաժեշտ է ոչ միայն զենք, այլ նաեւ որոշակի տեխնիկական միջոցներ: Ընդ որում, դա կնպաստի ոչ միայն աշխարհազորային ուժերի ձեւավորմանը, այլ նաեւ` սահմանամերձ շրջանների տնտեսական զարգացմանը», - նշեց փորձագետը:
Վերադառնալով բնակչությանը զենք վաճառելու հարցին` Հովհաննիսյանը նկատեց, որ ըստ իր ուսումնասիրության արդյունքների, նախորդ հինգ տարիներին Հայաստանում մեծ քանակությամբ զենք է վաճառվել, սակայն հանցագործություններում դրանք գրեթե չեն օգտագործվել:
«Առավել հաճախ օգտագործվում են գազային ատրճանակներ, որոնք հարմարեցված են մարտական փամփուշտներին: Այդ զենքն ինքնապաշտպանության համար է, սակայն օգտագործվում է որպես հանցագործության գործիք: Վերջինը Երեւանում գրանցված դեպքն է, երբ ոստիկանը սպանել էր գազային ատրճանակով փոխհրաձգության մեջ մտած հավանական կողոպտիչին: Գազային ատրճանակը տարածված է երիտասարդների մոտ եւ չէր խանգարի խստացնել դրա վաճառքի պայմանները, որոնք այժմ չափազանց մեղմ են», - կարծում է փորձագետը:
Արծրուն Հովհաննիսյանը վստահ է, որ զենքի օրինական վաճառքը Հայաստանում փակ բնույթ ունի եւ հայտնի չէ, թե ովքեր են զենք գնում: Հասարակության մի մասը զինվում է, իսկ մյուս մասը չունի դրա մասին տեղեկություն: Դրանից բխում է մյուս խնդիրը. «Երբ զենքը մատչելի է բնակչության մի մասի համար, իսկ մենք գիտենք, հատկապես, որ շերտին է մատչելի, ապա դա դառնում է հանցավորության աճի պատճառ: Իսկ, եթե զենքը մատչելի լինի նաեւ բնակչության մյուս մասին, ապա առաջիններն իրենց ավելի զգույշ կպահեն: Անհավասարակշիռ, լկտիացած մարդիկ, որոնցից մենք զգուշանում ենք, օրինական կամ ապօրինի ճանապարհներով զենք արդեն ձեռք են բերել»:
Փորձագետի կարծիքով, ոչ մի երկրում իրական չէ լիովին զինաթափել հասարակությունը: «Հայաստանում ստույգ թվեր չկան, իսկ եղած տվյալներով, բնակչության ձեռքին կա 80-100 հազար միավոր հրազեն», - նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ի դեպ, նշենք, որ ավելի վաղ ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ Հայաստանում այժմ զենք կրող 25-27 հազար քաղաքացի կա: Ըստ այդմ, այսօր Հայաստանում 16 գրանցված առեւտրային կազմակերպություն կա, որոնք զենք են ներկրում եւ վաճառք իրականացնում: Զենք ներկրելու եւ վաճառելու լիցենզիան տրամադրում է ՀՀ ոստիկանությունը, իսկ Հայաստան զենք ներկրվում է հիմնականում ՌԴ-ից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Եվրոպական երկրներից:




























