Գերմանական Franfurter Allgemeine Zeitung թերթի քաղաքական մեկնաբան Միխայել Լյուդվիգը, ով նյութեր էր նախապատրաստվում Նախիջեւանի շրջափակված վիճակի մասին, ստիպված է եղել դադարեցնել իր ծառայողական գործուղումը Նախիջեւան` տեղի իշխանությունների կողմից իր աշխատանքը խոչընդոտելու պատճառով:
Turan-ի թղթակցի հետ զրույցում գերմանացի լրագրողը պատմել է, որ ինքը նախօրոք համատարմագրվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում: Նրա խոսքով, ինքն ԱԳՆ-ում ներկայացրել է, թե ինչ նախագիծ է ուզում իրականացնել եւ ցանկություն է հայտնել լինել Սադարակի մաքսատանը, ինչպես նաեւ Նախիջեւանը Թուրքիային միացնող «Հույսի կամրջի» մոտ: ԱԳՆ-ի պաշտոնյան ասել է, որ օտարերկրացիների այցելությունները ահմանափակվում են:
«Չէ՞ որ Գերմանիայում ադրբեջանցի լրագրողին թույլ չեն տա Ֆրանսիայի հետ սահմանին մոտենալ եւ զրուցել տեղի բնակիչների հետ»,- ասել է պաշտոնյան եւ առաջարկել լրագրողին իր ծրագիրը գրավոր ներկայացնել:
Հաջորդ օրը իր ծրագիրը գրավոր ներկայացրել է եւ հավանություն ստացել, բայց պայմանով, որ Լյուդվիգին ուղեկցելու են ԱԳՆ-ի տարածաշրջանային ներկայացուցիչը:
Ողջ ընթացքում ԱԳՆ աշխատակիցը ամեն կերպ խոչընդոտել է գերմանացի լրագրողին շփվել տեղի բնակիչների հետ, խոչընդոտել է վարորդին թարգմանել բնակիչների ասածները եւ անընդհատ ինչ-որ մեկին զանգահարել ու զեկուցել է լրագրողի տեղաշարժի մասին:
Վերջապես, բնակավայրերից մեկում լրագրողը հաջողացրել է առանձին զրուցել տեղի բնակիչների հետ, ովքեր իրեն ռուսերենով ասել են. «Այստեղ ժողովրդավարություն չկա»: Դրանից հետո ԱԳՆ աշխատակիցը կտրուկ հայտարարել է, որ հաջորդ օրվանից Լյուդվիգը նոր վարորդ կունենա: Գերմանացի լրագրողն իր հերթին որոշել է դադարեցնել իր այցելությունը եւ վերադառնալ Բաքու:
Նա ափսոսանք է հայտնել, որ իր գործունեությունը սահմանափակվել է: «Նրանք, ովքեր խանգարել են ինձ աշխատել, չգիտեն եւ երեւի չեն էլ ուզում իմանալ, թե ինչ է մամուլի ազատությունը»,- Turan-ին ասել է գերմանացի լրագրողը:
Ադրբեջանի ԱԳՆ աշխատակիցը իր գործողությունները բացատրել է նրանով, որ իբր լրագրողը նախօրոք չէր ասել, թե որն է իր այցի նպատակը, այնինչ վերջինս հերքել է այդ տեղեկությունը, նշելով, որ ինքը այդ մասին մանրամասն ներկայացրել է ԱԳՆ-իում հավատարմագրվելու ժամանակ:




























