Կիպրոսի հարավում ռազմածովային ռազմակայանում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է առնվազն 8 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ երկուշաբթի Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայի «Էվանգելոս Ֆլորակիս» ռազմակայանում` Զիգի բնակավայրի մերձակայքում պայթյունների շարք է եղել: Կիպրոսի լրատվամիջոցների տեղեկություններով, պայթյունների պատճառը վառոդի մոտ 100 արկղերի բռնկումն է եղել:

Ոստիկանությունը փակել է դեպքի վայրը:

Աթենքի նորությունների գործակալության տվյալներով, պայթյունների արդյունքում կան լրջորեն տուժածներ, սակայն նրանց հստակ թիվը չի հաղորդվում:

Նիկոսիայի եւ Լիմասոլի միջեւ մայրուղու վրա ուժեղ ծուխ եւ վառոդի հոտ է տարածվել:

Ականատեսի վկայությամբ, պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 6-ին: