Իշխանություն եւ ընդդիմություն համագործակցությունը քաղաքական ֆարս է, որի սցենարի հեղինակը իշխանությունն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 12-ին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղալ Կարինե Հակոբյանը: Նա նշեց, որ իշխանություն-ընդդիմություն բանակցությունները պետք է կրեն ինստիտուցիոնալ բնույթ, այլ ոչ թե մեկանգամյա միջոցառում լինեն:

«Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր, դա հետեւանքն է մեր քաղաքական դաշտի չկայացածության»,-նշեց Հակոբյանը, հավելելով, որ քաղաքական դաշտը երբեք չի կայանա, քանի դեռ իշխող կուսակցությունը, որը պետականաշինարարության առաքելությունն է ստանձնել, ընդամենը լուծում է իր իշխանության երկարակեցության հարցը: «Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները ոչ ֆուտբոլային, ոչ էլ շախմատային հարաբերություններ են: Դրանք հիշեցնում են պոկեր խաղը, երբ երկու կողմերն էլ չունենալով իրական  խաղաքարտեր, ստիպված են դիմել բլեֆի»,-հայտարարեց «ժառանգության» ներկայացուցիչը:

Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոս՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն արձագանքեց, թե «այկիդո խաղացել էինք,  բայց պոկեր՝ ոչ»:  Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է  քաղաքական դաշտ ներմուծել առողջ երկխոսության եւ բանավեճի կուլտուրան: «Մենք ներքաղաքական իրավիճակում ուզում ենք կայունություն մտցնել, «տապոռային» լուծումները ընդունելի չենք համարում»,-հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ «որոշ քաղաքական ուժեր եւ ուժիկներ փորձում են դրան տարբեր քաղաքական գնահատականներ տալ»: 

Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բանավեճը գնալով սրվեց՝ հասնելով ընդհուպ կսմիթների: Կարինե Հակոբյանն իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները համեմատեց մանկապարտեզային խաղի հետ՝ հայտարարելով, թե աջը ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Սահակյան էլ, նախ առաջարկեց չչարաշահել իր կնամեծարությունը, ապա արձագանքեց, թե ինչպես կարող է «հինգ հոգանոց» «Ժառանգությունը» մեղադրել  իշխանություններին անկազմակերպ լինելու մեջ, եթե չի կարողանում կողմնորոշվել իր ներքին կուսակցական հարցերում: «Գայլի գլխին ավետարան են կարդում՝ ասում է՝ ոչխարը սարն անցավ»,-արձագանքեց Հակոբյանը՝ հավելելով,  որ գնալով խորանում է քաղաքական  վակուումը: Պետությունն, ըստ նրա, ոչ միայն  չի բուժում երկրին պատուհասած հիվանդությունը, այլ կողքից խնդիրներ է ստեղծում, որպեսզի  հիվանդի վիճակն ավելի վատանա: