Արտահերթ ընտրությունների հիմքեր այս պահին գոյություն չունեն; Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ նման ընտրությունների անցկացման համար հարկավոր են լուրջ իրավական, քաղաքական նախադրյալներ: Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը իշխանության համար ինքնանպատակ չէ եւ չի լինելու այնպես, որ մի օր քնեն-արթնանան ու հայտարարեն արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին, ինչպես որ պահանջում է ՀԱԿ-ը:

Թեեւ, ըստ Սահակյանի, քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ: 

Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն երկխոսության նպատակով ստեղծված աշխատանքային խմբին՝ պատգամավորը նշեց, որ այդ խումբը ընդդիմության հետ բանակցություններ վարելու նպատակով չի ստեղծվել, այլ քննարկելու է երկրի կյանքին առնչվող որոշակի խնդիրներ:

Թե որոնք են այդ խնդիրները՝ Սահակյանը չկոնկրետացրեց, ընդամենը նշելով, որ երկխոսության օրակարգը կձեւավորվի ՀԱԿ-ի եւ իշխանությունների անդամներից բաղկացած պատվիրակությունների առաջիկա նիստին:

Անդրադառնալով Կոնգրեսից հնչած այն հայտարարությանը, թե իշխանության աշխատանքային խմբի ձեւավորման մասին որեւէ պաշտոնական հրամանագիր կամ կարգադրություն դեռեւս առկա չէ, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց. «Միգուցե վաղն էլ ՀԱԿ-ն ասի՝ հրամանագիր ստորագրեք ինձ գործի տեղավորելու մասին...Իսկ եթե ավելի լուրջ, ապա երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ մասին հայտարարություն անի, գուցե ավելի լուրջ մեկնաբանենք՝ տալով իրավական հիմնավորում»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀԱԿ մամուլի խոսնակ արման Մուսինյանը, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի հայտարարությանը՝ ընդդիմության հետ երկխոսություն սկսելու նպատակով աշխատանքային խումբ ձեւավորելու մասին, հայտարարել էր.  «Մենք դեռ չունենք որեւէ պաշտոնական որոշում, հրամանագիր կամ կարգադրություն երկխոսության համար իշխանությունների կողմից ձեւավորված պատվիրակության մասին, ուստի առայժմ ձեռնպահ ենք մնում որեւէ մեկնաբանությունից»: