Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը վստահ է, որ խորհրդարանական ընտրություններին նույնիսկ միայնակ, առանց դաշինքի մասնակցելու դեպքում իրենք կարողանալու են հաղթահարել 5 տոկոսանոց շեմը։ Նման համոզմունք նա հայտնեց հուլիսի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Անդրադառնալով ընտրությունների նախաշեմին քաղաքական այս կամ այն ուժի հետ դաշինք կազմելու հավանականությանը՝ Թովմասյանն ընդգծեց, որ սոցիալիստական գաղափարախոսությունը չի կարող միավորվել լիբերալ-ազատական, թալանչիական գաղափարախոսության հետ։
«Ամեն դեպքում, եթե կլինեն ուժեր, որոնք կհայտարարեն, որ կիսում են կոմունիստական գաղափարախպոսությունը, պատրաստ են մեզ հետ քայլել, կհամագործակցենք նրանց հետ, բայց մինչ օրս չեմ տեսնում մի ուժ, որի հետ Կոմունիստական կուսակցությունը կարող է միավորվել»,- նկատեց նա։
Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ ՀԿԿ նախագահը կանխատեսեց, որ խնդրի լուծման ճանապարհին հնարավոր է հանրաքվե (թե քանի տարի հետո՝ Թովմասյանը չկարողացավ կոնկրետ նշել): «Չեմ ուզում կռահումներ անել, թե ինչ զիջումներ կարող են լինել այդ ընթացքում»,- ամփոփեց նա։
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2012 թվականի մայիսին:




























