Իշխանության եւ Վրաց ուղղափառ եկեղեցու միջեւ վերջին տարաձայնությունները կարող են բերել Վրաստանի ներքաղաքական իրավիճակի սրացման, քանի որ եկեղեցին Վրաստանում իր նշանակությամբ քաղաքական երկրորդ դերակատարն է։ Հուլիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս» վերլուծական ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի կողմից հինգ կրոնական միավորումների իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու հարցին։
Փորձագետի կարծիքով, սուր դժգոհություններ ուղղված են հատկապես Հայ Առաքելական եկեղեցուն, քանի որ հայկական համայնքը Վրաստանում ամենամեծն է։ Մինասյանը միաժամանակ նկատեց, որ վրաց եկեղեցու եւ պետության միջեւ տարաձայնություններ կային այդ որոշման ընդունումից դեռ շատ առաջ, պարզապես օրենսդրական նոր լրացումները այդ հակամարտությունն առավել ակնհայտ դարձրեցին։
Միաժամանակ փորձագետը նկատեց, որ վրացական խորհրդարանի այս որոշումը քաղաքական էր եւ բխում էր Վրաստանի՝ միջազգային կառույցների առջեւ ստանձնած պարտավորություններից։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը հուլիսի 5-ին արագացված կարգով փոփոխություններ էր կատարել Քաղաքացիական օրենսգրքում եւ կարգավիճակ էր տվել հայ առաքելական, հռոմեա-կաթոլիկ եւ բապտիստական եկեղեցիներին, հրեական եւ մահմեդական համայնքներին: Այս որոշմանը դեմ էր արտահայտվել Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը:




























