Բացարձակապես կարեւոր չէ՝ որ տեղում է Հայաստանը Forbes-ի ցուցակում, քանի որ եթե վերջից երկրորդի փոխարեն հայտնվեինք, ասենք, հինգերորդ տեղում, վիճակը մեր երկրում դրանից չէր փոխվի։ Հուլիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կառավարման անկախ փորձագետ Հարություն Մեսրոպյանը։ Նրա խոսքով, չպետք է ուշադրություն դարձնել թվերի վրա, պետք է տեսնել խնդրի էությունը։

«Խնդիրն այն չէ, թե ինչ է ասել Forbes-ը, խնդիրը Հայաստանի տնտեսության մեջ է։ Մեզ մոտ օլիգարխիա է, որը երկրին թույլ չի տալիս զարգանալ։ Սա Հայաստանին անմրցունակ է դարձնում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային շուկաներում»,- հայտարարեց նա։

«Օրինակ, մեզ բոլորիս հայտնի է, որ հայկական բիզնեսն այսօր դուրս է բերվում Վրաստան։ Դա նշանակում է, որ Վրաստանում մրցակցային դաշտն առավել զարգացած է եւ բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ կան»,- նկատեց Մեսրոպյանը։

Այս համատեքստում փորձագետը հիշատակեց նաեւ արտագաղթի հարցը՝ նշելով, որ Հայաստանը կեցության համար ոչ հարմարավետ երկիր է։

«30 հազար մարդ տարեկան, կատակ բան չէ։ Եթե Forbes-ը գրեր, որ մենք աշխարհի ամենալավ տնտեսությունն ունենք, դա չէր կրճատի արտագաղթը։ Պետք է փրկել երկիրը, որը պարզապես «ձեռքից գնում» է»,- ամփոփեց նա։

Նշենք, որ Forbes-ի վարկանիշային ցուցակում վատ տնտեսության ցուցանիշներով Հայաստանը առաջին տեղը զիջել է միայն Մադագասկարին։ Երրորդը դարձել է Գվինեան, աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցուցակը եզրափակում են Ուկրաինան եւ Ճամայկան։