NEWS.am-ի խմբագրություն զանգահարած, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի մի շարք բնակիչներ պատմեցին, որ այսօր, երբ փորձել են գալ Երեւան, ոստիկանության աշխատակիցները ճանապարհին կանգնեցրել են իրենց եւ ասել, որ չեն կարող մայրաքաղաք՝ վաճառքի համար նախատեսված կաթնամթերք բերել։ «Ոստիկանները միայն ասացին, որ Ճամբարակում կարանտին է հայտարարված եւ իրենք հրահանգ ունեն թույլ չտալ, որպեսզի գյուղացիները Երեւան կաթնամթերք բերեն»,- պատմեցին ճամբարակցիները։

Կարանտինի մասին լուրը ճշտելու համար զանգահարեցինք Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանին, ով NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ այդ համայնքում կարանտին, իրոք, հայտարարվել է։

«Չնայած լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի անասունների մոտ դաբաղի դեպքեր չկան, ինչպես նաեւ չկան ողջ հանրապետության տարածքում, այնուամենայնիվ, հունիսի սկզբից այնտեղ հայտարարված կարանտինը դեռեւս ուժի մեջ է մնում։ Ընդ որում, կարանտին հայտարարվել է կանխարգելիչ նկատառումներից ելնելով։ Քանի որ խոսքն Ադրբեջանին սահմանակից բնակավայրի մասին է (իսկ Ադրբեջանում անասունների դաբաղի դեպքեր կան), մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշոցինք նման սահմանափակում կիրառել։ Բայց եթե գյուղացիները անասնաբույժի կողմից տրված համապատասխան փաստաթղթեր ունեն, կարող են անարգել կերպով մայրաքաղաք բերել եւ վաճառել իրենց կաթնամթերքը»,- հավաստիացրեց Պիպոյանը։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում անասունների դաբաղից զերծ մնալու նպատակով հունիսի սկզբից կարանտին էր հայտարարվել։ Սահմանակից Ադրբեջանում դաբաղի դեպքեր հայտնաբերվել էին ավելի վաղ։