Հայաստանում պետք է արմատական կերպով փոխել տնտեսական քաղաքականությունը: Այդ մասին այսօր` հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` մեկնաբանելով Forbes հանդեսի վարկանիշը, որում Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել վատագույն տնտեսությունների ցանկում:
«Forbes-ը գրում է, որ մենք աշխարհի վատագույն տնտեսությունն ենք` չհաշված Մադագասկարը, սակայն պարբերականը չի նշում պատճառները: Նրանք չեն ասում, որ Արեւմուտքի պարտադրած Վաշինգթոնյան կոնսենսուսն արգելում է պետությանը կառավարել տնտեսության հզորության լոկոմոտիվներից մեկը` արդյունաբերությունը: Նրանք չեն գրում, որ ոսկե միլիարդի երկրները ճնշում են բանեցնում մնացած աշխարհի վրա` ստիպելով խաղալ իրենց կանոններով»,- վրդովվել է Սաֆարյանը` հիշելով Խորհրդային Հայաստանի արդյունաբերության հզորությունն ու երկրին Արեւմուտքի պարտադրած սխալ կողմնորոշիչները:
Նրա կարծիքով, Հայաստանի տնտեսական աճի համար հարկավոր է զարգացնել հենց արդյունաբերությունը: Մամուլի ասուլիսի ընթացքում Սաֆարյանը խոսել է միայն արդյունաբերության մասին` հասկացնելով, որ միայն դրա մեջ է տեսնում զարգացման բանալին:
Անդրադառնալով Forbes-ին` նա կրկին համոզմունք է հայտնել, թե Հայաստանի տնտեսության ցավալի վիճակի համար մեղավոր են արտաքին ճնշումները: Նրան հակաճառել է անկախ փորձագետ Հարություն Մեսրոպյանը: «Եթե չեմ սխալվում, Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է: Չեմ բացառում, որ որոշակի ճնշում կա, բայց դրա համար կա իշխանություն, որի սրբազան պարտականությունն է պաշտպանել մեր երկրի շահերը»,- ասել է նա:



























