Հայաստանի հարկայի քաղաքականությունն անհավատալի ուժով հարվածում է ձեռնակատերերին։ Հուլիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կառավարման անկախ փորձագետ Հարություն Մեսրոպյանը։ Նրա խոսքով, բիզնեսը Հայաստանից փախչում է հենց այդ պատճառով։

«Ահա ձեզ հասարակ օրինակ. ձեռնարկատերը որոշակի գումար է վճարել, ձեռք բերել այս կամ այն ապրանքը, որն էլ ցանկանում է Հայաստան բերել։ Նա դեռ չի հասցրել բերել, վաճառել ապրանքը, եկամուտ ստանալ, բայց արդեն սահմանին նրանից այդ ապրանքի արժեքի 20 տոկոսն են ուզում։ Ձեռնարկատերը ստիպված է վճարել այդ 20 տոկոսը, սակայն իր ապրանքը վաճառելու ժամանակ բարձրացնում է դրա գինը, որպեսզի վերադարձնի այդ գումարը։ Ձեռնարկատերը չի ցանկանում այստեղ զարգացնել իր բիզնեսը»,- նկատեց նա։

Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հիշեցրեց, որ անցած տարի պետբյուջե մուտք գործած 650 մլրդ դրամ հարկերի 50 տոկոսը ստացվել է ավելացված արժեքի հարկի տեսքով։ «Մեր երկրում ԱԱՀ-ն հասնում է 50 տոկոսի, այն դեպքում, երբ Արեւելյան Եվրոպայի երկրներում անուղղակի հարկերի տեսակարար կշիռը կազմում է 20 տոկոս»,- ասաց Սաֆարյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանը պետք է վերանայի իր տնտեսական եւ հարկային քաղաքականությունը։

«Փաստացի, աղքատների համար Հայաստանում գների աճը կազմում է 25 տոկոս»,- ամփոփեց փորձագետ Հարություն Մեսրոպյանը։