Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորընտիր խորհրդարանում կրկին արտասանել է Զիյա Գյոքալփի այն բանաստեղծության տողերը, որի համար 14 տարի առաջ դատապարտվել էր ազատազրկման։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի խորհրդարանում նոր՝ 61-րդ կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ քննադատելով ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը։ Էրդողանը նշել է, թե անհիմն է համեմատություն տանել իր դատվածության եւ ներկայումս «Էրգենեկոն» եւ «Մեծ մուրճ» գործերով անցնող մեղադրյալների միջեւ, եւ պնդել, որ ինքը դատապարտվել է ընդամենը բանաստեղծություն արտասանելու համար՝ խորհրդարանի ամբիոնից կրկին արտասանելով այդ տողերը։

«Մզկիթները մեր զորանոցներն են, մինարեթները մեր սրերն են, գմբեթները մեր սաղավարտներն են, իսկ հավատացյալները մեր զիվորներն են»,-կրկնել է Էրդողանը՝ շեշտելով, որ այս տողերի  համար 14 տարի առաջ իրեն 10 ամիս ազատազրկման են դատապարտել։

Նշենք, որ 1997-ի դեկտեմբերի 12-ին  Էրդողանը Թուրքիայի Սիիրթ քաղաքում կարդում է վերոնշյալ բանաստեղծությունը, որի համար դատապարտվում է 10 ամիս կալանքի։  Ստամբուլի այն ժամանակվա քաղաքապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանտում անկացրել է մոտ 4 ամիս՝ 1999 մարտի 26-ից մինչեւ հուլիսի 24-ը։