Ղազախստանի Կարագանդայի շրջանի Բալխաշ քաղաքի АК-159/21 գաղութի տարածքում 16 դատապարտյալների դիակներ են գտել: Վերջիններս նախօրեին փախուստի փորձ էին կատարել: Դատապարտյալները պայթեցրել են իրենց շենքի արդյունաբերական հատվածում: Նրանք կոլեկտիվ ինքնասպանություն գործելու որոշում են կայացրել` չցանկանալով կրկին վերադառնալ անազատություն կամ մեռնել գրոհի պատրաստվող «Արլան» հատուկ ջոկատի աշխատակիցների գնդակներից:

Թեեւ փախստականների մոտ զենք է եղել, նրանք որոշել են չդիմադրել:

Ենթադրաբար, դատապարտյալները պայթեցրել են իրենց թթվածնի տարայի միջոցով: Տարածքը մի քանի կմ շառավղով շրջապատված է:

Քննության տվյալներով, նախօրեին դատապարտյալները պարսպի մյուս կողմից զենք էին ստացել` երկու հրացան, ատրճանակներ, դանակներ: Բոլոր դատապարտյալները դատվել էին ծանր հանցագործությունների համար: Նրանք պատանդ էին վերցրել 30 պահապանների եւ փորձել էին ազատվել, բայց չէին կարողացել: