Հայիթիի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) անդամները վարչապետ Արիել Անրիից պահանջում են վայր դնել լիազորությունները փետրվարի 7-ից, երբ պետք է ավարտվեր 2021 թվականի հուլիսին սպանված նախագահ Ժովենել Մոիզի նախագահական ժամկետը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Haiti24 տեղական լրատվական պորտալին։
Նշվում է, որ Սենատն առաջարկում է ստեղծել հանձնաժողով, որը քաղաքական ճգնաժամից դուրս գալու լուծումներ կմշակի եւ նախագահական ընտրությունների անցկացման պայմաններ կնախապատրաստի։ Անցյալ տարի Սենատը նախատեսում էր իր նախագահ Ժոզեֆ Լամբերին հռչակել Հայիթիի ժամանակավոր նախագահ, սակայն երկու անգամ էլ ձախողեց նրա երդմնակալությունը։
Հունվարի վերջին իշխանությունների եւ ընդդիմության միջեւ պայմանավորվածությամբ ստեղծված Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչները հայտարարել էին երկու տարի անցումային ժամանակի համար նախագահի եւ վարչապետի ընտրության մասին եւ Անրիից պահանջել էին փոխանցել իշխանությունը։ Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայիթիի նախագահը կարող է ընտրվել միայն երկրի բոլոր քաղաքացիների մասնակցությամբ ընտրություններում։ Անցյալ տարվա նոյեմբերի վերջին նա արդեն ներկայացրել էր հանրապետության ազգային միասնության կառավարության վերջնական կազմը։
Կարիբյան Հանրապետությունում լուրջ քաղաքական ճգնաժամը սկսվել է հուլիսի 7-ին նախագահ Ժովենել Մոիզի նստավայրի վրա հարձակման հետեւանքով նրա սպանությունից հետո: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ հանցախմբի կազմում ընդգրկված են Կոլումբիայի 26 քաղաքացիներ, որոնցից մի քանիսն արդեն ձերբակալված են։ Սպանության գործով ավելի քան 40 մարդ է ձերբակալվել։





























