Վրաստանում ծեծի մեջ մեղադրվող պատգամավոր Դավիթ Կիրկիտաձեի համար Ռուսթավիի քաղաքային դատարանը, որպես խափանման միջոց, ընտրել է գրավը։ Այս մասին հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»։

Կիրկիտաձեն երկրի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից է, Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության տարիներին եղել է Քվեմո Քարթլիի մարզի ղեկավարը, իսկ 2021 թվականի աշնանը տեղի ունեցած մունիցիպալ ընտրությունների ժամանակ պայքարել է Ռուսթավիի քաղաքապետի պաշտոնի համար։

Նախօրեին Վրաստանի գլխավոր դատախազությունը չորս ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի հիմքով քրեական գործ էր հարուցել Կիրկիտաձեի դեմ։ Գերատեսչության տվյալներով՝ քաղաքական գործիչը ոտքով հարվածել է Ռուսթավիում «Ազգային շարժման» գրասենյակի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակցին։

Այսօրվա նիստում մեղադրող կողմը միջնորդել է 10 000 լարիի (3300 դոլար) չափով գրավ սահմանել։ Դատավոր Քեթեւան Լուաշվիլին մասամբ բավարարել է այդ պահանջը՝ խափանման միջոց ընտրելով 5000 լարի (1600 դոլար) գրավը։

Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի դիրքորոշմանը, փաստաբանները դատարանին խնդրել են պատգամավորին թողնել առանց խափանման միջոցի։ Ինքը՝ Կիրկիտաձեն, ի նշան բողոքի, լքել է նիստը՝ ասելով, որ չի հավատում դատարանին եւ չի ցանկանում մասնակցել ֆարսին։

Մեղադրող կողմին բավարարում է դատարանի որոշումը։ Դատախազ Թոռնիկե Տատունաշվիլին պնդում է, որ իրենք ունեն Կիրկիտաձեի մեղքի բոլոր ապացույցները։

«Գործում ներկայացված են ինչպես վկաների ցուցմունքները, այնպես էլ փորձաքննությունների, այդ թվում՝ բժշկական փորձաքննության եզրակացությունները։ Միայն մեղադրանք առաջադրելու եւ փորձագիտական եզրակացությունների համար ապացույցների ստանդարտը ստանալուց հետո է մեղադրող կողմը որոշել քրեական հետապնդում սկսել հակամարտության բոլոր մասնակիցների նկատմամբ»,- ասել է Տատունաշվիլին։

Վրաստանի խորհրդարանի պատգամավորի հետ ծեծկռտուքի գործով անցնում են եւս երեք մարդ։ Բոլոր ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի «մի խումբ անձանց կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ կատարված բռնություն» հոդվածով, որը պատժվում է մինչեւ երկու տարվա ազատազրկմամբ։