Հոլոքոստի դեպքում դատապարտման գործընթացին ներգրավված էր ամբողջ աշխարհը։ Եկեք նաեւ չմոռանանք, որ Հոլոքոստը իրականացվել է Եվրոպայում, որում կային եւ շարունակում են լինել միջազգային համագործակցությանն ուղղված տարբեր հարթակներում ներկայացված երկրներ։ Այս մասին դեկտեմբերի 12-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
Ըստ նրա տվյալ դեպքում խոսքը միջազգային հանրության մասին է։ «Սրանով մենք հիմնականում նկատի ունենք եվրոպական երկրներին եւ Հյուսիսային ու Լատինական Ամերիկայի երկրներին։ Հոլոքոստը տեղի է ունեցել քաղաքակիրթ աշխարհի կենտրոններից մեկում։
Հետեւաբար, երբ բարձրացվում է այս թեման, արձագանքը մի փոքր այլ է լինում, քան, ասենք, մեր դեպքում։ 100-ամյա Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել ոչ թե Եվրոպայում, այլ մեկ այլ երկրում։ Եվրոպան այդ մասին իմացել է միայն մամուլի ու հայ փախստականների միջոցով։ Այսինքն՝ նրանք այդ մասին իմացել են անուղղակիորեն, մինչդեռ Հոլոքոստը տեղի էր ունենում հենց նրանց աչքի առաջ»,- պարզաբանեց Մարությանը։
Հոլոքոստի միջազգային ճանաչման պատճառը, ըստ թանգարանի տնօրենի, Նյուրնբերգյան գործընթացն էր եւ գերմանական կառավարության կողմից վերոնշյալ հանցագործության փաստացի ճանաչումը։ «Ի պատիվ Գերմանիայի, նրա ժողովրդի եւ կառավարության, հրեա ժողովրդին փոխհատուցում էր առաջարկվել։ Այն շարունակվում է վճարվել ավելի քան 70 տարի։ Մեր դեպքում ամեն ինչ այլ է»,- նշեց փորձագետը։
Նա համոզված է՝ Հոլոքոստի միջազգային ճանաչմանը էապես նպաստել է իսրայելցի գիտնականների ու փորձագետների մոտեցումը, ովքեր այդ հանցագործությունը ներկայացնում էին գաղափարական բաղադրիչի շրջանակում։
Այսինքն՝ նրանք մատնանշում էին ոչ թե ցեղասպանության հեղինակների ու կազմակերպիչների էթնիկական, այլ գաղափարական պատկանելիությունը, քանի որ Հոլոքոստի ոճրագործության մեջ ներգրավված են եղել տարբեր ազգությունների բազմաթիվ մարդիկ։











