Արցախի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, եւ բոլորի հույսը նրանց գործողություններն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։

Նա չբացառեց, որ Ռուսաստանն Արցախում անում է այն ամենը, ինչ կարող է այս պահին։

Փորձագետը հիշեցրեց, որ Ռուսաստանն Արեւմուտքի հետ ծանր պատերազմի մեջ է, կա սահմանափակ ռեսուրսների խնդիր։

«Բացի այդ, Ռուսաստանը միջնորդ է եւ չի կարող հակամարտության կողմ դառնալ։ Եթե Ռուսաստանը դառնա հակամարտության կողմ, ապա հակամարտության կողմ կդառնան ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Արեւմուտքը։ Մենք կդառնանք Սիրիա։ Մեր նպատակը խաղաղությունն է, ոչ թե Հայաստանը Սիրիայի վերածելը։ Եթե մենք ուզում ենք, որ այստեղ պատերազմ լինի, ապա Երեւանը կվերածվի Դամասկոսի եւ Հալեպի»,-նշեց նա։

Հովհաննիսյանը համոզված է, որ եթե Հայաստանը հանդես գա հստակ դիրքորոշմամբ, ապա Ռուսաստանի դերն էլ կբարձրանա։

«Խաղաղություն չեն խնդրում, այլ հասնում են գրագետ աշխատանքով։ Ռուսաստանը կուժեղանա այնքանով, որքանով Հայաստանը կբարձրացնի Մոսկվայի միջնորդական գործառույթը։ Բայց իշխանությունը ոչ թե դիրքորոշում է արտահայտում, այլ ամեն ինչից հրաժարվում է։ Դրա համար էլ իրավիճակն այսպիսին է»,-եզրափակեց քաղաքագետը։